Միջնորդներին հետաքրքրում է միայն իրենց ազդեցությունը․ քաղաքագետը՝ հայ-ադրբեջանական լարվածության մասին
Այսօր առավոտից իրադրությունը լարված է Սյունիքի սահմանին, նաև Հակարիի կամրջի վրա։ Հակառակորդը մի քանի անգամ փորձել է առաջանալ Հակարի կամրջի ուղղությամբ ու Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական դրոշ տեղադրել։ Հայկական կողմի ձեռնարկած քայլերի արդյունքում առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձերը կանխվել են՝ հաղորդում է ՀՀ ԱԱԾ-ն։
Այսօր ողջ օրվա ընթացքում իրավիճակը լարված է եղել Հակարիի կամրջին ու Սյունիքի սահմանին։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ից տեղեկություն ստացվեց, որ ադրբեջանական կողմը կրակել է Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ:
Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը՝ տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն։ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունն էլ հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից արձակած կրակոցների հետևանքով ադրբեջանցի մի սահմանապահ վիրավորվել է:
Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս գյուղի նախկին ղեկավար Արգամ Հովսեփյանը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ իր տնից տեսանելի են հակառակորդի կուտակումները։
Հակառակորդը կրակում է և Հայաստանի Հանրապետության, և ԼՂ-ի ուղղությամբ, սակայն պատկերը խեղաթյուրված ներկայացնում։
Եվ Հայաստանից, և Արցախից պարբերաբար հերքում են ադրբեջանական հայտարարությունները՝ դրանք ապատեղեկատվություն որակելով։
Իրավիճակով անհանգստացած է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը: «Ադրբեջանը Հայաստանի տարածքում իր հարձակումներով վտանգի տակ է դնում խաղաղության շուրջ ընթացող բանակցությունները և Կովկասում հետագա ապակայունացման վտանգ ստեղծում և Պետքարտուղարությունը պետք է փորձի կասեցնել ագրեսիայի այս անմիտ գործողությունները և պնդել Հայաստանի սահմանների ճանաչումն ու հարգումը»,-Թվիթերում գրել է Փալոնը:
Լարվածություն է ոչ միայն Տեղ համայնքում ու Հակարի կամրջին, այլև արտաքին խաղացողների հայտարարություններում։
Ուշագրավ հրապարակում է տարածել Ռիա նովոստին։ Հղում անելով իր ամրիկյան դիվանագիտական աղբյուրներին՝ պարբերականը պնդում է, որ Վաշինգտոնը ԼՂ-ին ԱՄՆ միջնորդությամբ ադրբեջանական ներկայացուցիչների հետ երրորդ երկրում հանդիպում է պարտադրում՝ սպառնալով Ադրբեջանի կողմից հակաահաբեկչական օպերացիայի իրականացմամբ։
Այս տեղեկությունը շոկային է որակում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա անհանգստություն է հայտնել այդ առիթով և նշել, որ ամերիկյան կողմը պարտավոր է մենաբանել տեղեկությունները։ «Եթե այդ փաստերն իսկապես հաստատվեն, հերթական անգամ նրանք կձախողեն միջնորդի իրենց կոչումը»,- ասել է Զախարովան:
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը սահմանային ու դիվանագիտական լարվածություն այսպես է ամփոփում։
«Այն, որ Բաքուն պատրաստվում է պատերազմի անկախ բանակցությունների արդյունքից փաստ է և այս տեղեկությունը որ տարածվել է ընդամենը հասցնում է այն տեղեկությունը որն արդեն պարզ է։ Իսկ արդյո՞ք այստեղ Վաշինգտոնի դերակատարություն կա՝ միայն այն, որ աչք կփակի Ադրբեջանի գործողությունների վրա, բայց դա ևս մինչ այդ էլ պարզ էր»։
Անդրադառնալով Զախարովայի արձագանքին՝ վերլուծաբանը բնական է համարում տարածաշրջանից դուրս մղվելու Մոսկվայի անհանգստությունը։
«Արտաքին ուժերի մեծ մասը հանդես են գալիս որպես դիտորդ, օրինակ՝ Ռուսաստանը ուզում է ինչ-որ մի բանի հասնել հայտարարություններով, որովհետև այս պահին պատրաստ չէ ուժային միջնորդության։ Նույնն են այս առումով Վաշինգտոնի մոտեցումները»։
Քաղաքագետի կարծիքով՝ միջազգային խաղացողների նպատակները մեր տարածաշրջանում այս պահին իրարից շատ չեն տարբերվում․
«Ցանկացած միջնորդ ձգտում էիր ազդեցության մեծացմանը հասնել տարածաշրջանում, խաղաղությունը ցանկացած կողմի համար դարձել է լոզունգների թեմա։ Եթե որևէ մեկը խաղաղություն է ուզում պետք է աջակցի Հայաստանին, որպեսզի ռազմականապես ուժեղանանք, որ Ադրբեջանի մղումները կանգնեցնի»։