Կառավարությունը խոստանում է լուծել երևանյան նորակառույցների գազամատակարարման խնդիրը
Եվս երկու տարի, և նորակառույց շենքերը Երևանում գազի խնդիր չեն ունենա։ Կառավարությունը որոշել է այս հարցը լուծել նոր գազաբաշխիչ ցանցեր կառուցելով։ Այս պահին 490 բաժանորդ սպասում է գազամատակարարման իր հերթին։ Բաշխիչ նոր կայանները 20 տոկոս հավելյալ հզորություն կավելացնեն արդեն հետագա տարիների բաժանորդների համար։ Մայրաքաղաքի շինարարական բումը նաև էլեկտրամատակարարման համակարգում է խնդիրներ ստեղծել։ Նորակառույց թաղամասերում առանձին ենթակայաններ ունենալը ևս պարտադիր է դառնում։ Շինարարարական ակտիվություն երևանամերձ մարզերում կանխատեսվում է, բայց միայն մայրաքաղաքում եկամտային հարկի վերադարձի դրույթի ամբողջությամբ կասեցումից հետո։
Նոր որակի գազ, նոր բաժանորդներ՝ առանց խնդիրների․ կառավարությունից վստահեցնում են՝ Երևանում 2026 թվականի դեկտեմբերին արդեն գազամատակարարման հետ կապված խնդիրները կլուծվեն։ Վերջին շրջանում նորակառույց շենքերում բնակիչները բախվում են գազամատակարման, հոսանքի ու ջրի հետ կապված խնդիրների։ Կառավարության նիստում, անդրադառնալով այդ հարցերին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդգծում է․
«Ստեղծված իրավիճակում կառուցապատողները մեծ հեռավորությունից են թույլտվություն ստանում, որը լրացուցիչ ծախս ու ենթակառուցվածքային այլ խնդիրներ է առաջացնում։ Առաջարկվող նախագծով լուծումներ են գտել գործընկերները, և չորս ուղղությամբ կկառուցվեն գազակայաններ ու բաշխիչ կայաններ։ Առաջին փուլով նախատեսված է Երևան քաղաքի հյուսիս-արևելյան հատվածը, երկրորդ փուլով՝ Երևան քաղաքի հարավ-արևմտյան հատվածը, երրորդ փուլով՝ Երևան քաղաքի հարավային հատվածը։ Չորրորդ փուլ՝ Երևան քաղաքի արևելյան հատված։
Այս պահին 490 բաժանորդ սպասում է գազամատակարարման իր հերթին՝ հստակեցնում է նախարարն ու նշում, որ բաշխիչ կայաններ կառուցելով, 20 տոկոս հավելյալ հզորություն կավելանա հետագա տարիների բաժանորդների համար։ Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա կրճատել ենթակառուցվածքների ստեղծման ընդհանուր ծախսերը, նվազագույնի հասցնել կամ չեզոքացնել սակագնի վրա ազդեցությունը և ապահովել մատակարար ընկերության ստեղծած ենթակառուցվածքների պատշաճ շահագործումը։
Առաջարկվող ծրագրերով գազամատակարարման ցանցին արդյունավետ կարգով միանալու հնարավորություն կստանան արդեն իսկ տեխնիկական պայմաններ ստացած 490 օբյեկտներ՝ ընդհանուր ժամում շուրջ 491 հազար 500 խմ սպառումով։
Վարչապետն արձանագրում է․ «Շատ լուրջ ռազմավարական ներդրում է ՀՀ և ներդրումային միջավայրի բարելավման, և ընդհանրապես քաղաքացիներին պատշաճ ծառայություններ մատուցելու, ապահովելու առումով»։
Մայրաքաղաքի նորակառույց շենքերում միայն գազամատակարարումը չէ, որ խնդիր է։ Ակտիվ շինարարությունը նաև էլեկտարէներգիայի նոր ենթակայանների անհրաժեշտություն է առաջացրել։ ՀԾԿՀ –ում տարեցտարի ավելանում է նաև հոսանքի բաժանրդ դառնալ ցանկացողների թիվը։ Եթե մինչև 2015 թվականը հանձնաժողովը տարեկան մոտ 3–5 հազար դիմում էր ստանում, ապա այս տարվա առաջին եռամսյակում 12 հազար դիմում է ստացել։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանն ասում է՝ ցանցին նոր բաժանորդների միանալն ու հոսանք չօգտագործելը ազդակ է եղել կառույցի համար․
«Նոր միացած բաժանորդների մոտ 38 տոկոսը հոսանքը չի սպառում։ Դա միացման գործընթացի մատչելի ու պարզեցված լինելու ազդակ էր։ Մարդիկ, որևէ պլան չունենալով իրենց հողատարածքի նկատմամբ, ստանում են էլեկտրական ցանցի միացման թույլտվությունը, բայց որևէ գործունեություն չեն ծավալում»։
Հենց սրանով էլ պայմանավորված, ապրիլի մեկից բարձրացել է նոր բաժանորդ դառնալու վարձավճարը։ Բացի այդ, նորակառույց թաղամասերը պետք է պարտադիր առանձին ենթակայաններ ունենան։ Առաջիկա տարիներին, երբ Երևանում կասեցվի առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելիս եկամտային հարկի վերադարձի դրույթը, շինարարական բումն, ըստ կանխատեսումներ,ի մարզեր է տեղափոխվելու, ուստի ենթակառուցվածքների պակաս նկատվելու է նաև մարզերում։
Նիկոլ Փաշինյանն ընդգծում է․ «Մենք այսօրվանից պետք է մտածենք դրա մասին, որպեսզի որևէ ձևով պոստֆակտում արձագանքելու անհրաժեշտություն չունենանք, այլ նախապես։ Ընդ որում, կարևոր է, որ այս աշխատանքն իրականցնելիս սերտ համագործակցենք տեղական ինքնակառավարման մարմինների հետ»։
Քաղաքաշինության կոմիտեն մրցույթ է հայտարարել և շինարարական նորմեր է մշակում մայրուղային խողովակաշարերի ու գազաբաշխիչ համակարգերի վերաբերյալ, տեղեկացնում է կոմիտեի նախագահը։
Արմեն Ղուլարյանի վստահեցմամբ, մինչև տարեվերջ նորմերը կհաստատեն, ու ենթակառուցվածքները նոր չափանիշերով կկառուցվեն։