«Միմինո» հայ–վրացական մշակութային խոհարարական փառատոնը՝ Դիլիջանում
Դիլիջանում այսօր կանցկացվի «Միմինո» հայ–վրացական մշակութային խոհարարական փառատոնը:
Փառատոնի ընթացքում հայկական և վրացական թիմերը կներկայացնեն իրենց խոհանոցների բազմազանությունն ու պատմությունը, պարերն ու երգերը, արվեստի ու արհեստագործական աշխատանքները:
Փառատոնի հիմնական նպատակը երկու հարևան երկրների միջև զբոսաշրջային այցելությունների ակտիվացմանը նպաստելն է, միջմշակութային երկխոսությունն ու ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելը:
«Դիլիջանի կենտրոնական հրապարակը կլցվի հայ և վրացական խոհանոցների հրապուրիչ բուրմունքներով, փորձառու խոհարարները կցուցադրեն իրենց հմտությունները, իսկ գուրմանները կտարվեն գաստրոնոմիական արկածներով:
Հայ–վրացական առաջին փառատոնի անցկացման վայրը Դիլիջանն է ընտրվել, քանի որ ըստ «Միմինո» կինոնկարի սցենարի՝ ծնունդով այստեղից էր ֆիլմի հերոս վարորդ Ռուբիկը (կինոնկարի հայտնի հերոսների արձանը գտնվում է Դիլիջանի օղակաձև հատվածում)»,- նշված է Դիլիջանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղ գտած գրառման մեջ :
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության կոմիտեի, Դիլիջանի համայնքապետարանի, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության աջակցությամբ: