Մինսկում այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը։ Օրակարգում կազմակերպությունում հետագա համագործակցության հեռանկարներն են եղել, միջազգային իրադրությունը և դրա ազդեցությունը ՀԱՊԿ երկրների անվտանգության վրա։

ԱԳ նախարարների հետ հանդիպել է ընդունող երկրի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա կոչ է արել չխուսափել խնդիրներից, նշելով, մասնավորապես, որ ՀՀ-ն հիմնավորված պահանջներ է ներկայացնում կազմակերպությանը։



 ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասել է, որ Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի օգնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը․

«Ցավոք, այն բանում, ինչ հիմա անում է Միացյալ Նահանգները, և ինչ անում է Եվրամիությունը, մենք ավելի շատ տեսնում ենք ոչ թե բանակցություններին օգնելու ցանկություն, այլ տարածաշրջան ներթափանցելու ցանկություն, ցանկություն՝ ճնշում գործադրելու Ռուսաստանի Դաշնության օրինական շահերի վրա և ցանկություն՝ հաստատվելու որպես որոշակի ուժեր, որոնք այստեղ, ըստ էության, որոշիչ դեր կխաղան»։

Լավրովի կարծիքով՝ Արևմուտքի նման գործողություններն արտացոլում են ցանկությունը՝ ընդլայնվել դեպի տարածաշրջաններ, որոնք հեռու են ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկրների սահմաններից:

«Թե՛ Երևանում, թե՛ Բաքվում մեր գործընկերները, հուսով եմ, հասկանում են դա: Համենայնդեպս, մենք նրանց հետ բացեիբաց  քննարկում ենք, թե ինչ է կատարվում։ Մենք դեմ չենք, որ այլ միջազգային խաղացողներ փորձեն իրենց ուժերը միջնորդության հարցում: Գլխավորն այն է, որ այս միջնորդությունը հետապնդի այնպիսի համաձայնագրերի ապահովում, որոնք կարտացոլեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների, հայկական և ադրբեջանական պետությունների շահերի հավասարակշռությունը»,– նշել է Լավրովը:

Մինչ արտգործնախարարների խորհրդի նիստի քննարկումները՝ ՀԱՊԿ գործունեությունը գնահատել է ընդունող երկրի՝  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նա հանդիպել է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հետ, ՀԱՊԿ անդամ երկրներին կոչ է արել հավատարիմ մնալ միմյանց, համատեղ լուծել կազմակերպության և նրա առանձին անդամների առջև ծառացած խնդիրները․   

«Օրինակ՝ Ղրղզստանը երկար ժամանակ է՝ խնդրում է օգնել կարգավորել Տաջիկստանի հետ հակամարտությունը։ Հիմնավորված պահանջներ է ներկայացնում Հայաստանը։ Եթե մենք չլուծենք այս խնդիրները, ապա ՀԱՊԿ երկրները միշտ կմեղադրեն միմյանց, իրենց դժգոհությունը կհայտնեն կազմակերպության աշխատանքից։ Այդ պատճառով, ինչքան էլ պտտվենք, մենք պետք է խորամուխ լինենք նաև այն խնդիրների մեջ, որոնք այսօր լուծում են ՀԱՊԿ անդամ Հայաստանը, ՀԱՊԿ անդամներ Ղրղզստանն ու Տաջիկստանը»։

Արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային իրավիճակի զարգացման միտումները, դրանց ազդեցությունը ՀԱՊԿ երկրների անվտանգության վրա, մտքեր են փոխանակել արտաքին հարաբերությունների զարգացման հետագա քայլերի շուրջ։ Առաջարկվել է մշակել տնտեսության մեջ համատեղ գործողությունների ծրագիր։ Նիստից հետո մի շարք համատեղ փաստաթղթեր են ստերագրվել։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն