Սոբյանինը հայտարարել է Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումների անցկացման մասին
Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում, ճանապարհներին լրացուցիչ հսկողություն է մտցվել, հայտարարել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Եղած տեղեկությունների հետ կապված՝ Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են ձեռնարկվում՝ ուղղված անվտանգության ուժեղացմանը, ճանապարհներին լրացուցիչ հսկողություն է մտցվել, հնարավոր է սահմանափակվի զանգվածային միջոցառումների անցկացումը։ Խնդրում ենք ըմբռնումով վերաբերվել ձեռնարկված միջոցառումներին։ »,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ գրել է նա իր Telegram ալիքում։
Ավելի վաղ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի Telegram ալիքում ձայնագրություններ էին տեղադրվել։ Նա, մասնավորապես, պնդել է, որ իր ստորաբաժանումները հարձակման են ենթարկվել և դրա համար մեղադրել է երկրի ռազմական ղեկավարությանը։
Այս հայտարարությունների կապակցությամբ ՌԴ ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել զինված ապստամբության կոչ անելու փաստի առթիվ։ Պաշտպանության նախարարությունը կեղծ է անվանել Վագների «ՊՄԿ-ի թիկունքային ճամբարներին ենթադրյալ հարվածի մասին» տեղեկությունը: Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնը կոչ է արել մասնավոր ռազմական ընկերության մարտիկներին չկատարել Պրիգոժինի հրամանները և միջոցներ ձեռնարկել նրան կալանավորելու համար։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ ստեղծված իրավիճակի մասին և «ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ»։