Վերին Լարսի անցակետը հունիսի 15-ից վերագործարկվել է՝ վերանորոգված ու ընդլայնված 39 գիծ կգործի: 15-ը նախատեսված է բեռնատարների համար: Ռուսաստանի տրանսպորտի նախարարության հավաստմամբ՝ ընդլայնումից հետո անցակետը հատող բեռնատարների թիվը կհասնի օրական 1300-ի:

Վահան Հակոբյան (ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ) - Ի սկզբանե գործում էր 11 գիծ, էս տարվա սկզբում 24 նոր գիծ հանձնվեց շահագործման, որից 12-ը՝ մարդատարների համար դեպի մուտք, և 12-ը՝ դեպի ելք ուղղությամբ, և սկսվեց արդեն շինարարությունը բեռանատարների ուղիները մեծացնելու նպատակով, և այսօր արդեն գործարկվել են միայն բեռնատարների համար. ավելի հստակ՝ 6՝ դեպի մուտք, 6՝ ելք ուղղությամբ, մեկական գիծ ավտոբուսների համար, և մեկ գիծ խոշոր գաբարիտային տրանսպորտի համար է նախատեսված:

Մաքսային կցորդի խոսքով՝ այժմ՝ սեզոնային ակտիվության թեժ փուլում, հերթերը վերացել են: Ընդգծում է՝ հիմա Հայաստանից Ռուսաստան բավականին շատ ծիրան է արտահանվում և տեղ հասնում՝ մինչև 3 օրում: Նորայր Գևորգյանի ընկերությունը հիմնականում հենց Ռուսաստան է բեռնափոխադրումներ իրականացնում, վստահեցնում է՝ անցած տարվա համեմատ տարբերությունն ակնհայտ է:

Նորայր Գևորգյան (բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության տնօրեն) - Անցած տարի մենք նույնիսկ Վերին Լարս չէինք կարողանում հասնել, որովհետև Վրաստանից՝ Թբիլիսիի շրջանցող ճանապարհում արդեն կուտակվում էին մեքենաներ, ու դա կարող էր տևել անգամ 2 շաբաթ, անկախ նրանից՝ ինչ տեսակի բեռ էր:

Նորայր Գևորգյանի խոսքով՝ հերթերն այնքան շատ էին, որ անգամ փչացող բեռների համար նախատեսված առավելությունն էր դառնում անիմաստ: Այժմ անցակետի արդիականացումը դրական փոփոխություն է տվել:

Նորայր Գևորգյան - Ես մինչև էստեղ գալը նայում էի, մեր մեքենաները քանի օրում են անցել: Ուրեմն՝ մեր մեքենաները երբեմն 1-1.5 օր մնում են Բագրատաշենում, ավելի շատ են մնում Բագրատաշենում, քան հասնում են Վերին Լարս. խնդիր ունենք նաև Բագրատաշենում: Էն մասը, որ մենք բուն Վերին Լարսի անցակետը դիտում ենք որպես տարանցիկ կետ աշխարհին կապող, էս պահին խնդիր չունի, մենք անցնում ենք գրեթե 2-3 օրվա մեջ:

Ընկերության տնօրենի խոսքով՝ մեկ այլ խնդիր կա, որի պատճառով արհեստական հերթեր են գոյանում: Ռուսական անցակետում հայկական մեքենաները խոշորացույցի տակ են, մանրակրկիտ զննվում են, քանի որ մի քանի անբարեխիղճ տնտեսվարող փորձել է մաքսանենք ճանապարհով բեռներ տեղափոխել: ՊԵԿ-ի հաղորդագրության համաձայն՝ ներկայումս սկսվել է բեռների ռենտգեն սկանավորման արդյունքների փոխանակման գործընթացը, ինչը թույլ է տալիս հայկական կողմում իրականացված տվյալներն օգտագործել ռուսական կողմում, ինչի արդյունքում բեռներն ավելի արագ կձևակերպվեն։

«Վերինի Լարս» մաքսային անցակետի պետի տեղակալ Գեորգի Ցեգոևն էլ РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է, որ հայկական բեռնատարները անցակետում մաքսազերծվում են առաջնահերթության սկզբունքով: Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ Լարսով բեռների 48 %-ը Ռուսաստան է հասնում Հայաստանից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն