Փաստաբանական համայնքի մի խումբ ներկայացուցիչներ այս օրը գործադուլով են սկսել։ Նրանք շեշտում են, որ ստիպված են դիմել այդ ծայրահեղ քայլին, քանի որ իրենց օրինական պահանջին ու բողոքին համապատասխան արձագանք չեն ստացել։ Փաստաբանները պահանջում են պատասխանատվության ենթարկել այն ոստիկաններին ու դադարեցնել նրանց լիազորությունները, որոնք բռնություն էին գործադրել  փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ։ Այս պահանջով փաստաբանները ավելի վաղ դիմել էին նաև Ներքին գերծերի նախարար Վահե Ղազարյանին, սակայն պատասխան չէին ստացել։ Դրանից հետո որոշել են գործադուլի դիմել։ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր տվյալներով 4 տասնյակից ավելի դատական նիստեր են հետաձգվել, քանի որ հանրային պաշտպանները հրաժարվել են դրանց մասնակցել։

Վաղ առավոտից փաստաբանները, ի նշան իրենց բողոքի, գործադուլ են հայտարարել։ Թե քանի փաստաբան է միացել ակցիային, կամ գործադուլի պատճառով քանի դատական նիստ է հետաձգվել, Փաստաբանների պալատում հստակ չգիտեն։ Փոխարենը միանշանակ են բողոքն ու պահանջը։ Վերջին 4 ամսում փաստաբաններին բռնության ենթարկելու մի քանի դեպք է արձանագրվել։ Դրանից հետո փաստաբանական համայնքը ակնկալում էր իրավասու մարմինների ու միջազգային գործընկերների կոշտ արձագանքը։ Փաստաբանների միության նախագահ Սիմոն Բաբայանն ընդգծում է՝ մինչ օրս որևէ արձագանք չեն ստացել, հետևաբար դիմում են ծայրահեղ քայլի՝ գործադուլի։

«Մենք ստիպված ենք մեր բողոքի ակցիան իրականացնել գործադուլի միջոցով՝ հասարակության ուշադրությունը փաստաբանի ինստիտուտի առաքելության և նշանակության վրա հրավիրելու համար։ Հասարակությունն ու պետական մարմինները պետք է հասկանան փաստաբանի դերն ու նշանակությունը։ Փաստաբանը երբեք չի ընկճվելու, փաստաբանը իրականացնելու է իր խախտված իրավունքների պաշտպանությունը և դա լինելու է արդյունավետ»,– ասում է Բաբայանը։



Փաստաբանների բողոքի շարժառիթը հունիսի 7-ի միջադեպն է, երբ փաստաբան Կարեն Ալավերդյանը մասնագիտական գործունեության ժամանակ բռնության էր ենթարկվել։ Փաստաբանը փորձել էր Ոստիկանությունում միջամտել իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանների բռնությանը, սակայն իրավապահները նաև նրան էին ծեծի ենթարկել, ձեռնաշղթաներ էին հագցրել ու խուզարկել։

Փաստաբաններն ավելի վաղ բողոք էին ներկայացրել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին, պահանջելով դադարեցնել փաստաբանին բռնության ենթարկած ոստիկանների ու նրանց բաժնի պետի լիազորություները։

Ոստիկանություն գնալը վտանգավոր է կյանքի ու առողջության համար․ փաստաբանները շարունակում են բողոքել

Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանն արձանագրում է՝ պահանջից 1 շաբաթ անց գործով ոչ մի նորություն չունեն։



«Մենք մինչև այսօր չունենք նորություն՝ արդյո՞ք այդ ոստիկանների լիազորությունները դադարեցված են, թե ոչ։ Մենք միայն այսօր գլխավոր դատախազության կայքից տեղեկացանք, որ մեր գործընկեր փաստաբանի խոշտանգման դեպքը հանձնարարվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնին․ մենք վստահ ենք, որ ԱԱԾ–ն այս հարցում ավելի օբեկտիվ է լինելու։ Բայց անհանգստացնող է հարցի մյուս կողմը․ կա 2 քրեական գործ․ մեր փաստաբանի և իր վստահորդի նկատմամբ հարուցված քրեական գործը մնացել է քննչական կոմիտեում, մինչդեռ սրանք փոխկապակցված գործեր են»,– անրամասնում է Զոհրաբյանը։

Հունիսի 7-ի միջադեպը փաստաբանների նկատմամբ բռնության արդեն երրորդ դեպքն է վերջին 4 ամսում։ Փաստաբանները վստահ են, որ եթե նախորդ դեպքերի քննությունը ամիսներ չձգվեր ու պատշաճ արձագանքի արժանանար, Կարեն Ալավերդյանը գուցե բռնության չենթարկվեր։ Փաստաբաններն ասում են՝ գործադուլը ծայրահեղ քայլ է, և ստացվում է, որ իրենք հրաժարվել են իրենց հիմնական գործառույթից՝ մարդկանց իրավունքները պաշտպանելուց։ Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Հարութ Ակլունցն ընդգծում է՝ առանց փաստաբանների նույնիսկ բռնություն գործադրած ոստիկանները չեն կարող իրենց իրավունքները պաշտպանել։

«Ստեղծված իրավիճակի հատկանշականությունն այն է, որ այն ոստիկանները, որոնք այսօր արդեն իսկ բռնություն են գերծադրել, հենց այսօր արդեն փաստաբանի կարիք ունեն։ Այսինքն, այս բումերանգը ի վերջո բոլորի դեմ է շրջվելու։ Այն ոստիկանը, որը բռնություն է գործադրում, առաջին հերթին ինքն է փաստաբանի կարիք ունենալու»,– ասում է Փաստաբանների պալատի նախագահի տեղակալը։



Գործադուլին միացած փաստաբանները երթով Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք են գնում․ ոստիկանապետի համար խորհրդանշական նվեր ունեն․ բռնցքամարտի ձեռնոցներ են նվիրում։

«Այս նվերը փոխանցում ենք ոստիկաններին՝ հույսով, որ ոստիկանական բաժանմունքներում այլևս փաստաբանների նկատմամբ բռնության դեպքեր չեն արձանագրվելու։ Բացի այդ, տեղեկացնում ենք, որ եթե փաստաբանների օրինական պահանջները չկատարվեն, մենք շարունակելու ենք մեր բողոքի ակցիաները»։

Ավելի վաղ փաստաբանները բողոքի ակցիա էին իրականացրել նաև Գլխավոր դատախազության դիմաց, գլխավոր դատախազին խորհրդանշական հեռուստացույց էին նվիրել, որպեսզի նա, ինչպես իրենք էին ասում, իրազեկ լինելու հնարավորություն ունենա։ Փաստաբանական համայնքը նաև հանրապետության նախագահին է դիմել՝ դեպքին պատշաճ արձագանք տալու պահանջով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն