Կառավարության նիստերի դահլիճում անսովոր ակտիվություն է․ գործադրի ներկայացուցիչները նույն իրավիճակում հայտնվածի դիրքերից համաձայնում են վարչապետի այն դիտարկմանը, որ հայտարարագրումը դժվար, գրեթե տանջալից գործընթաց է․

«Մենք՝ որպես բարձրաստիճան պաշտոնյաներ,որոնք հայտարարագիր են լրացնում, եկեք ընդունենք, որ դա ահագին բարդ ու դժվար աշխատանք է։ Տեսեք ինչ ակտիվություն է դահլիճում, բոլորը տանջվել, տառապել են այդ թեմայի վրա։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ պիտի աշխատենք, ու էդ հայտարարագրման համակարգերը մաքսիմալ պարզեցնենք, որովհետև ոնց գրում ես, պարզվում է՝ ինչ-որ բան սխալ ես գրել պետք է նորից գրես»։

Եվ խնդիրը ոչ թե չարամտորեն ինչ-որ բան թաքցնելու ցանկությունն է, այլ՝ համակարգի բարդ լինելը՝ ասում է Նիկոլ Փաշինյանը։ Դրա հեշտացման պահանջը լուրջ հիմքեր ունի․ համընդհանուր հայտարարագրման դեպքում այս գործընթացով անցնելու է ոչ միայն բարձրաստիճան պետական պաշտոնյան, այլև սովորական քաղաքացին։ Իսկ նրա համար լրացուցիչ դժվարություն ստեղծել պետք չէ։

Կառավարությունն այս հարցը քննարկում է սոցիալական ծախսերի համակարգի ներդրման համատեքստում։ Թե ինչ է այն ենթադրում,  ներկայացնում է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը․

«Հայտարարատուները հնարավորություն են ստանալու եկամտային հարկի գումարներից հետ ստանալ իրենց կամ իրենց ընտանիքի անդամների համար կատարված առողջապահության, կրթության և բնակարանային ապահովության գծով ծախսերը»։

Ընտանիքի անդամները ֆիզիկական անձի ամուսինը, ծնողները, երեխաները, որդեգրողները  կամ որդեգրվածներն են։ Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ հայտարարագիր ներկայացրած մարդուն կամ նրա ընտանիքի անդամներին, օրինակ, առողջապահության գծով սոցիալական ծախսերի համար ֆինանսական վերադարձ ստանալ․



«Առողջապահության գծով սոցիալական ծախսեր են համարվում Հանրապետությունում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսերը։ Առաջարկվում է այս ուղղությամբ սոցիալական ծախսերի առավելագույն չափ սահմանել տարեկան 50 000 դրամը։ Սա որոշվել է ուսումնասիրելով առողջապահական ապահովագրական համակարգում գոյություն ունեցող պոլիսները, որոնք սկսում են 10 000 դրամից և 50 000 դրամը համարվում է միջին, ստանդարտ առողջապահական ապահովագրական փաթեթ»,- ասում է ֆինանսների նախարարը։

Կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում Հայաստանում իրականացվող կրթության բոլոր մակարդակների՝ նախադպրոցական, միջնակարգ, արհեստագործական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համար ուսման վճարները։ Այս ուղղությամբ սոցիալական ծախսերի առավելագույն չափ է սահմանվել տարեկան 100 000 դրամը։

Սակայն առողջապահական և կրթական ուղղություններով փոխհատուցման ենթակա ծախսերը, ընդհանուր առմամբ, տարեկան չեն կարող գերազանցել 100 000 դրամը։

«Առաջարկվում է ներկա փուլում բնակարանային ապահովման գծով սոցիալական ծախսի առանձին ուղղություն չսահմանել, քանի որ գործող օրենսդրությամբ արդեն իսկ առկա է բնակարանային ապահովության խնդրի լուծման նպատակով կիրառվող եկամտային հարկի վերադարձման համակարգը»։

Հայտարարագրումը ամենահաճելի պրոցեսներից չէ՝ համաձայնում են գործադիրում։ Սակայն նշում են՝ սա կառավարության կամ ինչ-որ քաղաքական ուժի քմահաճույք չէ։

«Սա պետական ինստիտուտների և պետականության ուժեղացման գործընթաց է, որը պետք է անենք։ Սա կառավարությանը չի պետք, պետք է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդրվում է 3 փուլով։  Մինչև 2024-ի ապրիլի 20-ը հայտարարագիր պետք է ներկայացնեն պետական աշխատողները, նոտարները, Հայաստանի ռեզիդենտ այն քաղաքացիները, որոնք 2023-ի ընթացքում բաժնեմաս են ունեցել 1 մլրդ դրամ և ավելի շրջանառություն ունեցող  կազմակերպությունում։ Նաև այն քաղաքացիները, որոնք 2023-ի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված իրական շահառու են, հիփոթեքային վարկի շրջանակում օգտվում են եկամտային հարկի վերադարձի համակարգից, 23-ին եկամուտներ են ստացել Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից։

Արդեն 2024-ին այս ցանկին կմիանան բոլոր գրանցված աշխատողները՝ թե՛ քաղիրավական, թե՛ աշխատանքային պայմանագրով, իսկ 2025-ից պարտադիր հայտարարագիր կներկայացնեն ՀՀ բոլոր քաղաքացիները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն