Համավարակը փակել է բազումցիների արտագնա աշխատանքի ճանապարհը, համայնքների խոշորացումը փոխել աշխատանքի երթուղին
Համավարակը փակել է բազումցիների արտագնա աշխատանքի ճանապարհը, համայնքների խոշորացումը՝ փոխել աշխատանքի երթուղին: Ռուսաստան մեկնելու փոխարեն բազումցիներից շատերը մնացել են համայնքում, ներգրավվել պետական ու սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներում. կառուցում ու հիմնանորոգում են դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տներ, ճանապարհներ: Բազումի երիտասարդների մի մասը դեռ Ռուսաստանում է, բայց տեղացիները վստահ են, որ կվերադառնան:
Փամբակ խոշորացված համայնքի մյուս 15 բնակավայրերի համեմատությամբ Բազում գյուղում սոցիալական խնդիրները համեմատաբար ավելի մեղմ են, քանի որ ավելի մոտ են Վանաձոր մարզկենտրոնին: Մինչև 2020-ը տեղացիները հիմնականում մեկնել են արտագնա աշխատանքի և Ռուսաստանում վաստակել ընտանիքի ապրուստը: Գյուղի տղամարդկանց շուրջ 70 տոկոսը տարվա ընթացքում մի քանի ամիս է տանը մնացել:
«Ես էլ իմ կյանքի կեսը գնացել եմ Ռուսաստան՝ խոպան: 25 տարի գնացել եմ Ռուսաստան ու ընտանիք եմ պահել: Տարբեր վայրերում եմ աշխատել: Այստեղ հնարավոր է ապրել, բայց աշխատանքն է քիչ»:
Արտագնա աշխատանքի մեկնել են աշխատանքային խմբերով, ընտանիքներով: Երիտասարդների մի մասը Ռուսաստանում մշտական աշխատանք է գտել ու մնացել, մի մասը՝ վերադարձել:
«Ռուսաստանում են մերոնք, աշխատանքի պահով են գնացել: Նրանք այստեղ են ամուսնացել և տնտեսական դժվարություններից ելնելով են գնացել: Դե, գիտեք էլի, ես ինչ ասեմ»:
«Դե, բոլորն էլ Ռուսաստանում են, ձեզ ծանոթ երևույթ է: Մեր վերևի տունը բազմազավակ ընտանիք է՝ տղան ու աղջիկը Ռուսաստանում են, ընտանիքի հայրը Սանկտ Պետերբուրգում է: Գյուղում փակ դռներ շատ կան, որտեղ չեն ապրում` այն վերևում, մյուս հատվածում: Մարդիկ գնացել են, երևի ուզում են գալ, բայց հնար չունեն»:
Վերջին երկու տարում Ռուսաստանից քչերն են վերադարձել, բայց գյուղից գնացողների թիվը պակասել է: Բազում գյուղում 456 տնտեսություն կա՝ 1900 հաշվառված բնակիչ: Համավարակից հետո նախկին խոպանչիների մի մասն աշխատանք գտավ Վանաձորում, Ստեփանավանում, որտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում:
Մինչև համայնքների խոշորացումը արտագնա աշխատանքի է մեկնել նաև Բազում գյուղի երիտասարդ վարչական ղեկավար Արթուր Ծատուրյանը. «Հիմա գյուղացիներն աշխատում են այս պետական սուբվենցիոն ծրագրերով, նախ՝ համայնքում, հետո՝ Երևանում, շատերը այնտեղ շինարարական աշխատանքներ են կատարում: Եթե հետհայաց նայենք, այն ժամանականերում ամեն տնից գոնե մի հոգի կար, որ գնում էր արտագնա աշխատանքի, այդ թվում ես էլ եմ եղել մինչև 2020թ: Հինգ տարի դրսում եմ աշխատել»:
Լոռեցի շինարարաները հիմա վերակառուցում են Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մանկապարտեզի շենքը: Մրցույթը շահել է Վանաձորի շինարարական կազմակերպությունը: Շինարար վարպետներն ու բանվորները Լոռու մարզի տարբեր բնակավայրերից են, այդ թվում՝ Բազում գյուղից:
«Ես Վանաձորից եմ, նոր եմ եկել, մի երկու ամիս է արդեն, բայց ինձնից առաջ էլ տարբեր մարդիկ են այստեղ աշխատել: Վարձատրությունից դժգոհ չենք, եթե գոհ չլինեինք, այստեղ չէինք լինի: Վանաձորից կան աշխատողներ, Ալավերդուց, Բազում գյուղից»:
Բազումում արդեն 4-րդ տարին սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում. Համայնքի ու պետական բյուջեի համաֆինանսավորմամբ բերեկարգման ու հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում: Անցած տարիներին բարեկարգվել են ճանապարհները:
Բազումի վարչական ղեկավար Արթուր Ծատուրյան. «Մենք սկզբից նպատակադրվեցինք վերանորոգել ներհամայնքային ճանապարհները: Հիմա մեր գյուղի ճանապարհների 80 տոկոսը տուֆապատվել է, այսինքն՝ ճանապարհների նորոգման հետ կապված էլ խնդիր չունենք»:
Լեռան վրա փռված գյուղում արդեն վերանորոգված ճանապարհներ կան։ Գյուղի տարեցներն ասում են, որ գրունտային ճանապարհների վերանորոգման ամենամատչելի տարբերակը տուֆն է.
«Գյուղի մի քանի ճանապարհ սարքեցին, շատ ընտիր էլ սարքեցին,տուֆով են արել, գոհ ենք, տուֆը այս հողի վրա կդիմանա, իսկ ասֆալտը՝ չի պահի, որովհետև այդքան շատ ծախս չէին կարող անել: Գյուղապետարանն այդքան ֆինանսավորում չունի»: «Գյուղի մեջ ասֆալտը չի լինի, անասունները որ գալիս են, կեղտոտում են, ասֆալտը այդ դեպքում շատ շուտ կփչանա, չի լինի»: «Ինչ համայնքները խոշորացել են, ճանապարհները սարքում են»:
Բազում գյուղը մշակույթի տուն չունի: Այդ նպատակով հիմնանորոգում է նախկին համայնքապետարանի շենքը: Գյուղապետարանի հին շենքը դատարկ է 2014թ․-ից, քանի որ Բազումում պետական միջոցներով համայնքային կենտրոնի նոր շենք էր կառուցվել։ Այստեղ մանկապարտեզն է, բուժկետն ու վարչական աշխատակազմը: Մանկապարտեզը մեկ խմբանոց է՝ 20 երեխայի համար, իսկ դպրոցում սովորում է 120 աշակերտ։