Ակնկալում ենք 5-10 տարի հետո փոխել ծխողների վիճակագրությունը մեր երկրում. Լենա Նանուշյան
Ծխախոտի օգտագործումը Հայաստանում մնում է «համաճարակ», որի ռիսկով պայմանավորված տարեկան 5500-ից ավելի մահվան դեպք է գրանցվում:
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, 2024 թվականից ուժի մեջ կմտնի ծխախոտի օգտագործման նվազեցմանն ուղղված հերթական միջոցառումը` ծխախոտի միատեսակ/պարզ փաթեթավորման կարգը:
Նպատակն է պարզ փաթեթավորմամբ, փաթեթավորման վրա լոգոների, գույների, ապրանքանիշի պատկերների կամ գովազդային տեղեկատվության արգելքի միջոցով նվազեցնել ծխողների թիվը:
Փորձի փոխանակման նպատակով` Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ` Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի, ԱՀԿ-ի ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի քարտուղարության հետ համագործակցությամբ այսօր Երևանում անցկացվել է ԵԱՏՄ երկրների համար տեխնիկական սեմինար:
Եվրասիական տնտեսական միության երկրներում գործում է ծխախոտի փաթեթավորման և մակնշման միատեսակ կարգ, ուստի այդ կարգավորման համար նույնպես անրաժեշտ է միասնական դիրքորոշում:
«Միջոցառումների արդյունքում ակնկալում ենք 5-10 տարի հետո փոխել ծխողների վիճակագրությունը մեր երկրում: Նոր տեխնոլոգիաներն ու մարքեթինգային հնարքները արտադրանքը գրավիչ են դարձնում սպառողների համար, ուստի, մեզ լրացուցիչ գործիքներ են պետք, որպեսզի էական վարքաբանական փոփոխություն բերենք բնակչության շրջանում` զերծ պահելով երեխաների վնասական սովորություններից»,- ողջունելով հյուրերին նշել է Լենա Նանուշյանը:
Նա կոչ է արել մյուս երկրների գործընկերներին ակտիվ աշխատել կարգավորման ներդրման ուղղությամբ` ի շահ հանրային առողջության:
«Միատեսակ փաթեթավորման կարգավորումն առանցքային նշանակություն ունի երիտասարդության առողջության և բարեկեցության պահպանման համար: Մենք կարող ենք հետ պահել երիտասարդներին ծխելուց՝ սովորություն, որը կարող է ծանր հետևանքներ ունենալ նրանց կյանքի վրա»,- նշեց Մարթե Էվերարդը՝ ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչը Հայաստանում։
Իսրայելի, Սլովենիայի, Վրաստանի փորձագետները ներկայացրել են պարզ փաթեթավորման ներդրման իրենց փորձը, արդյունքները, քննարկվել են հետագա քայլերը: