Համալիր պարարտանյութ՝ բնորոշ Հայաստանի հողերին։ Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնում գյուղացիներին նոր առաջարկ ունեն։ Պարարտանյութի հեղինակները վստահեցնում են՝ իրենց արտադրանքը արդյունավետ է, մատչելի ու հարմար։ Պարզվում է՝ մինչ այժմ ներկրվող բոլոր տեսակի պարարտանյութերը կարելի է արտադրել Հայաստանում։ Ջրալույծ համալիր պարարտանյութը կիրառելի է ոչ միայն բանջարանոցային մշակաբույսերի, այլև պտղատու ծառատեսակների ու խաղողի համար։

Պարարտանյութ սինթեզելը ոչ թե օրերի կամ ամիսների, այլ տարիներիաշխատանք է։ Հայաստանում արդեն տեղական հողերի համար արդյունավետ պարրատնյութ է սիզթեզվում։ Ջրալույծ համալիր պարարտանյութը կիրառվում է արտաարմատային սնուցմամբ, կաթիլային ոռոգմամբ և հող ներմուծելով։ Հայկական ջրալույծ պարարտանյութի առավելությունները շատ են։ Ազգային ագրարային համալսարանի «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնի» առաջատար գիտաշխատող Սերգեյ Երիցյանը ներկրված նույնատիպ պարարտանյութի ու տեղական արտադրության տարբերությունն է մատնանշում․

«Ներմուծված նման պարարտանյութեր կան, բայց մեր ստեղծածի տարբերությունն այն է, որ պատրաստված է հիմք ընդունելով Հայաստանի հողերի ագրոքիմիական բնութագիրը։ Փորձարկված է բազմաթիվ վայրերում։ Ֆերմերները շատ գոհ են»։



Ջրալույծ համալիր պարարտանյութը մակրո և միկրոտարրեր, ինչպես նաև կենսաբանական ակտիվ նյութեր է պարունակում։ Բաղադրությունը պայմանավորված է հանրապետության բնահողային գոտիների հողերի քիմիական կազմով ու բերրիության մակարդակով։ Մասնագետներն ասում են, որ այն նպաստում է բույսերի կենսաբանական ակտիվության, հանքային պարարտանյութերի արդյունավետության բարձրացմանը, հնարավորություն է տալիս մինչև 30 տոկոսով նվազեցնել կիրառվող հանքային պարարտանյութերի քանակը։ Նոր պարարտանյութն ապահովում է բույսերի ավելի տևական կենսուանկություն, բարելավում է աճն ու բերքատվությունը, բարձրացնում է հասկավոր հացաբույսերի սերմերի ծլունակությունը և ծլման էներգիան։ Բացի այդ, գիտնականներն ասում են, որ ավելանում է հատիկների քանակն ու կշիռը․

«1985 թվականից սկսած աշխատել ենք պարարտանյութի վրա։ Աստիճանաբար բարելավում ենք քիմիական կազմը, հատկությունները։ Այնպես ենք անում, որ ֆերմերները կիրառելուց հետո չասեն, թե արդյունք չկա։ Ոչ թե հողի որակն է լավացնում, այլ բույսի աճն է ուժեղանում, արտարմատային համակարգը հզորանում է, օրգանական նյութեր շատ են կուտակվում։ Այդ իմաստով, կարող է նաև հողի որակը բարելավել»։





Պարարտանյութի ստեղծման ու հատկությունների բալերավման ուղղությամբ աշխատանքները արդյունավետ են։ Գումարի կարիք այժմ չունեն, ասում է

«Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն»-ի տնօրեն Գայանե Գասպարյանը.



«Բացի այն, որ դրամաշնորհը պետական բաղադրիչ ուներ (24 մլն դրամ էր գիտության կոմիտեն մեզ տրամադրել), ուներ նաև արտաբյուջետային՝ համաֆինանսավորման բաղադրիչ՝ 6 մլն դրամի չափով՝ երկու տարվա համար: Դա խոսում էր այն մասին, որ մասնավորը նույնպես հետաքրքրված է ծրագրի իրականացմամբ։ Իրենք նույնպես ուզում են, որ տեղական արտադրության այնպիսի պարարտանյութ ստեղծվի, որը մրցունակ կլինի ներմուծվողի հետ։ Այս առումով մեզ մոտ ստացվեց»։

Հենց հողօգտագործողը պետք է համոզվի՝ արդյունավետ է տեղական արտադրանքը, թե ոչ։ Գայանե Գասպարյանն ասում է՝ գոհ են, դժգոհողներ դեռ չկան։ Նախկինում՝ խորհրդային տարիներին ջրալույծ պարարտանյութ կիրառվել է, բայց դրա որակային հատկանիշները ցածր էին։

Այժմ բարելավվել է ստացման տեխոնոլոգիան, բարձրացրել է որակը, լավացրել ապրանքային տեսքը։ Այժմ արդեն այլ պարարտանյութերի սիզնթեզման մասին են մտածում։ 

Գիտնական Սերգեյ Երիցյանը փաստում է՝ ներկրվող բոլոր պարարտանյութերը կարելի է արտադրել Հայաստանում, բայց բուն հայկական պարարտանյութն ավելի լավ որակ ունի, ավելի մատչելի է ու բնորոշ Հայաստանի հողերին։ Ջրալույծ համալիր պարարտնայութը կիրառելի է ոչ միայն բանջարանոցային մշակաբույսերի, այլև պտղատու ծառատեսակների ու խաղողի համար։ Այս դեպքում արտաարմատային սնուցումն անհրաժեշտ է կատարել երեք անգամ, 10-15 օր ընդմիջումով, ամեն անգամ կիրառելով 2-2․5 կգ։ Գիտական կենտրոնում վստահեցնում են՝ արդյունքն ակնհայտ է, դժգոհողներ չկան։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն