Արզումանյան 10 և 17 վթարային շենքերի բնակիչները դատարան են դիմել՝ իրենց շենքի կարգավիճակը վիճարկելու պահանջով, դեմ են քանդելուն: Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ արդեն գույքի ավելի քան 90 տոկոսը գնահատվել է, բայց թե երբ կսկսվեն քանդման աշխատանքները, առայժմ հստակ չէ: Քաղաքապետարանի այսօրվա նիստում զեկուցվել է նաև, որ հուլիսի 8-ից երթուղի են դուրս գալու նոր տրոլեյբուսները:

Երևանի քաղաքապետարանը, արդեն նոր կարգով, վերսկսում է քաղաքացիների ընդունելությունը, որը դադարել էր քովիդի համավարակով պայմանավորված: Ընդունելություն նախատեսվում է, եթե քաղաքացին իր գրավոր դիմումի վերաբերյալ ստացել է բացասական պատասխան և այդ մերժումը համարում է չհիմնավորված:

Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Սահմանվել է, որ համապատասխան պարզաբանումներ, խորհրդատվություն ստանալու համար քաղաքապետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների մոտ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվելու է քաղաքապետարան դիմած անձանց դիմումների քննարկման արդյունքներով, և բոլոր այն երևանցիները, ովքեր ստացել են մերժումներ իրենց դիմումների կապակցությամբ, հնարավորություն են ունենալու անձամբ պարզաբանումներ ստանալ ստորաբաժանումների ղեկավարներից:

Քաղաքապետի և տեղակալների մոտ ընդունելություն նախատեսված չէ: Վարչական շրջանների ղեկավարները կշարունակեն քաղաքացիներին ընդունել յուրաքանչյուր հինգշաբթի, ինչը մինչև այժմ չէր դադարել:

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅԼԵՎՍ ԺԱՄԿԵՏԱՆՑ ԳՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց՝ ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում կուտակված 5000-ից ավելի ժամկետանց գրություններին պատասխաններ են տրվել:

ՀԱՅԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ (Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար) - Հունիսի 30-ի դրությամբ վարչությունում ժամկետանց գործեր առկա չեն:

Տիգրան Ավինյան - Նախ շնորհավորում եմ բոլորիս այս ցուցանիշի կապակցությամբ: Ինձ մոտ նախկինում սև խոռոչի հետ էր ասոցացվում էս վարչությունը, կապ չունի, հարցում էիր ուղարկում, դիմում էիր ուղարկում, թե մարդ, սև խոռոչը կլանում էր էդ ամենը, և որևէ արձագանք չկար:

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատարը զեկուցեց հինգ վարչական շրջաններում փողոցների նորոգման աշխատանքների ընթացքի մասին:

ԽՈՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ (Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար) - Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ունենք 100 տոկոս կատարողական, Էրեբունիում՝ 45, Քանաքեռ-Զեյթունում աշխատանքները նոր են մեկնարկել, Շենգավիթ վարչական շրջանում՝ 85 տոկոս, Նոր Նորք վարչական շրջանում Գյուրջյան, Սաֆարյան փողոցներն են մնացել, 60 տոկոս կատարողական ունենք, Ավան վարչական շրջանում մոտ 30 տոկոս կատարողական ունենք:

Քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը խնդրեց կազմել հաջորդ տարի նորոգվելիք ճանապարհների ցանկը, և դա ներկայացնել Վեոլիա ջրի, Գազպրոմի, ՀԷՑ-ի գործընկերներին, որ աշխատանքներն էլ համակցված լինեն:

Տիգրան Ավինյան - Չունենանք այն իրավիճակները, որտեղ մենք ինչ-որ մի աշխատանք անում ենք, հետո պարզվում է՝ տակը վնասված խողովակ կա ու հետո շատ երկար էդպես մնում է:

ՆՈՐ ՏՐՈԼԵՅԲՈՒՍՆԵՐԸ ԵՐԹՈՒՂԻ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՑ

Նոր ներկրված տրոլեյբուսների մաքսազերծման աշխատանքները ավարտին են մոտեցել: Ծրագրվում է, որ դրանք երթուղի դուրս կգան հուլիսի 8-ից: «Ժոնգթոնգ» ընկերության 30 նոր ավտոբուսների մատակարարումն էլ սպասվում է չորս ամսից:

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՇԵՆՔԵՐԸ ՎԹԱՐԱՅՆՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ԱՍՏԻՃԱՆ ՈՒՆԵՆ

Արզումանյան 10 և 17 հասցեների վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցելու և բնակիչներին նոր բնակարանով ապահովելու ծրագրի մասին էլ զեկուցեց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Սուրեն Գրիգորյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Նախորդ շաբաթ կնքեցինք պայմանագիրը գնահատող կազմակեպության հետ, ինչպես նաև 90 և ավելի տոկոս գույքերի գնահատումը իրականացվել է: Այս շաբաթ կավարտենք մնացյալը և պատրաստ կլինենք պայմանագրերի կնքմանը:

Բայց թե երբ կսկսվեն քանդման աշխատանքները, դեռ հստակ չէ: Կան բնակիչներ, որոնք դատական կարգով փորձում են վիճարկել շենքի վթարային լինելը:

Տիգրան Ավինյան - էդ շե՞նքն էր, որ մեկ-երկու մուտք արդեն իսկ քանդված էր:

Սուրեն Գրիգորյան - Չէ՛, տարբերությունն այն էր, որ կոնկրետ այդ բնակիչների մուտքը նվազ վատթար վիճակում էր: -

Տիգրան Ավինյան - Ես ուզում եմ հասկանալ՝ ինչ է նշանակում նվազ վատթար վիճակում էր, այսինքն՝ կողքի մուտքը որ փլվի, դեռևս հույս կա, որ էս մի մուտքը չի՞ փլվելու:

Սուրեն Գրիգորյան -Դա էր պնդումը, հույս ունենանք, որ մեր տրամադրած փաստաթղթերից հետո էլ էդ կարծիքին չեն բնակիչները:

Արզումանյան փողոցի երկու շենքերն էլ, պաշտոնական եզրակացությամբ, 4-րդ աստիճանի վթարայնություն ունեն: Խնդրի մասին բնակիչներն ահազանգում էին տարիներ շարունակ:

Հեղինակ՝ Աննա Զախարյան


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն