Փորձագետները հայ-ադրբեջանական բանակցությունների կայուն շարունակականություն են ակնկալում
Անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի գործընթացին, հայաստանյան որոշ փորձագետներ նկատում են, որ Ադրբեջանը փորձում է սպառնալիքներով հասնել այն ամենին, ինչին չի կարողանում հասնել Վաշինգտոնյան բանակցություններում արդեն երկրորդ անգամ։ Ամերիկյան փորձագետները, սակայն, ավելի լավատես են։ Նրանք կարևորում են ԱՄՆ հովանու ներքո բանակցությունները՝ չնայած որ Խաղաղության պայմանագրի ընդամենը 40 տոկոսն է առայժմ հաջողվել համաձայնեցնել ու ամենակարևոր հարցերը, սակայն, այդ համաձայնությունների թվում չկան։
Այս համատեքստում հայտնի է դարձել, որ արտգործնախարարների վաշինգտոնյան եռօրյա հանդիպումից հետո ԱՄՆ է մեկնելու Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։ Խաղաղության պայմանագրի հետ կապված հարցեր կքննարկվեն, թե ոչ, դեռ պարզ չէ։ Փաստ է, սակայն, որ Հայաստանի ԱԽՔ-ի՝ Վաշինգտոն կատարելիք աշխատանքային այս այցը նախորդում է արդեն հայտնի՝ հուլիսի 21-ին Բրյուսելում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը։
Արտգործնախարարների մակարդակով վաշինգտոնյան վերջին՝ եռօրյա քննարկումներում խաղաղության պայմանագրի մի քանի, այդ թվում՝ արցախահայության անվտանգության հետ կապված մեխանիզմների հարցում համաձայնության չհասնելու ֆոնին Հայաստանի ԱԽՔ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 4-ին մեկնելու է ԱՄՆ։ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Աշխատանքային այցի շրջանակում նախատեսված է, որ Արմեն Գրիգորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում հանդիպումներ կունենա ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Գրիգորյանը Վաշինգտոնում քննարկելու է ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությունը»։
Այդ հանդիպումների ընթացքում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի առանցքային չհամաձայնեցված հարցերի շուրջ քննարկումներ կլինեն, թե՝ ոչ, հայտնի չէ։ Միջազգային ճգնաժամային խմբի ավագ վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում, հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին, նշում է, որ այս պահին կողմերին հաջողվել է համաձայնության գալ պայմանագրի նախագծի մոտ 40 տոկոսի շուրջ:
Սակայն հիմնական հարցերի շուրջ համաձայնություններ այդպես էլ չկան. կողմերն այստեղ չեն ցուցաբերում փոխզիջման գնալու որևէ ցանկություն՝ պնդել է փորձագետը։
«Նրանք դեռևս պետք է անցնեն դժվարին մի ճանապարհ: Թեև այս փուլում մենք լսեցինք մասնակիցներից, որ առկա է որոշակի առաջընթաց, մենք այդպես էլ չենք լսել, որ այն՝ առաջընթացը, արձանագրվի զգայուն, ամենակարևոր հարցերի շուրջ, որոնք պետք է ներառվեն խաղաղության համաձայնագրում»։
Վաշինգտոնյան հանդիպումներից հետո հայտարարվեց, որ առանցքային հարցերը, որոնց շուրջ արտգործնախարարները համաձայնության չեն հասել, երեքն են՝ սահմանազատման, զորքերի հետքաշման հարցերն ու Արցախի քաղաքացիների անվտանգության երաշխիքները։
Արևմտյան փորձագետները կարևորում են խաղաղության պայմանագրի վերաբերյալ ԱՄՆ հովանավորությամբ Բաքվի և Երևանի բանակցությունները՝ նշելով, թե այն պահին, երբ նրանք դադարեն խոսել, առաջնագծում անկայունություն ունենալու հավանականությունն ավելի կմեծանա։ Նույն կարծիքին է նաև Միջազգային ճգնաժամային խմբի ավագ վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը։
Ու թեպետ բանակցությունները շարունակվում են, բայց Ադրբեջանը, թե՛ դրանց ընթացքում, թե՛ դրանից հետո, ավելի ուժեղացրեց իր սպառնալիքները։
Այն, որ նման սպառնալիքներով են ուղեկցվում բանակցությունները և սպառնալիք կա ուղղված հատկապես Արցախին, ըստ էության, անցած հինգշաբթի Արցախի խորհրդարանում հաստատեց նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Ադրբեջանը մեզ ասում է՝ բանակցելու համար, ավելի ճիշտ՝ սեղանին նստելու համար, առաջին կետ՝ պաշտպանության բանակը լուծարել, դե գնացեք հանդիպման, լուծարեք հետո գնացեք. պիտի լուծարենք, հետո գնանք հանդիպման»։
Ի՞նչ է սպասվում՝ Հարությունյանն ասել էր, որ բոլոր սցենարներին պետք է պատրաստ լինել։
Chatham House հաստատության վերլուծաբան Լորենս Բրոյերսը նկատել է, որ բանացային գործընթացը առերեսվում է մի շարք խոչընդոտների: Արևմտյան և ռուսական բանակցային հարթակների ներդաշնակության բացակայության և հակամարտող կողմերի հանրային կարծիքի ճնշման հետ մեկտեղ Բրոյերսը Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը դիտարկում է որպես գլխավոր խոչընդոտ:
«Այն, ինչին ականատես եղանք վերջին օրերին, երբ ադրբեջանական ռմբակոծման արդյունքում զոհվեցին Ղարաբաղի չորս հայ զինվորականներ, ցավոք, վկայում է հարկադրման քաղաքականության ուղեգծի մասին: Իմ կարծիքով, դա հսկայական խոչընդոտ է միջպետական համաձայնության հասնելու համար: Չափազանց դժվար է պատկերացնել որևէ առաջընթաց ներկա պահին»։
Արդեն հայտնի, որ Վաշինգտոնից հետո բանակցությունների հաջորդ փուլը Երևանի ու Բաքվի միջև նախատեսված է հուլիսի 21-ին Բրյուսելում. այստեղ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները կհանդիպեն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբանները կարծում են, որ բրյուսելյան բանակցությունները Վաշինգտոնի քննարկումների շարունակությունն են, սակայն, նրանք Բրյուսելում որևէ պայամանգրի կամ համաձայնության ստորագրում չեն ակնկալում։ Այդուհանդերձ, նրանք կարևորում են, որ առաջնորդները հանդիպեն միմյանց, քանի որ նման երկխոսությունը օգտակար է, Օլեսիա Վարդանյանի խոսքով, առնվազն միմյանց դիրքորոշումները հստակեցնելու հարցում։
«Դա նաև վերլուծման համար համապատասխան նյութ է տրամադրում միջազգային միջնորդներին, որպեսզի վերջիններս կարող լինեն գտնել նոր ուղիներ և հանդես գալ նոր ծրագրերով ու առաջարկներով»
Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետները նշում են, որ թեպետ Բրյուսելում սպասվող բանակցություններից չեն ակնկալում բեկումնային որևէ հայտարարություն, փոխարենը կարծում են, որ այն կարձանագրի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացի կայուն շարունակականությունը: