Էրեբունու Մուշական թաղամասն առաջին անգամ կոյուղատար համակարգ կունենա
Էրեբունու Մուշական թաղամասն ունի շուրջ 1600 բնակչություն: Այստեղ կոյուղի երբևէ չի եղել: Տարիների ընթացքում բնակիչներից ամեն մեկն իր ձևով է ժամանակավոր լուծում գտել:
«Ավելի քան 40 տարի ապրում ենք այստեղ, բայց կոյուղի չունենք ու ստիպված հորեր էինք փորել, այդպես էինք օգտվում: Շատերը առվին էին միացնում։ Տասնամյակներ շարունակ բարձրացրել ենք խնդիրը, բայց այդպես էլ չէր լուծվում»,-ասում են բնակիչները:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Մուշականում այժմ կառուցվում է նոր կոյուղատար համակարգ: 4.6 կմ երկարությամբ ցանցը հնարավորություն կտա ամբողջությամբ լուծել թաղամասի ամենակարևոր խնդիրը:
«Սկսում ենք մոտ 4600 մետր կոյուղագծի ամբողջությամբ զրոյից կառուցումը: Տարածքը երբևէ չի ունեցել կոյուղագիծ: Այս գիծը հասնելու է մինչև Աթոյան փողոց: Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից է սա: Նպատակ ունենք հետագայում հարակից տարածքների կոյուղագծերը ևս զրոյից կառուցել և միացնել այս ցանցին: Քաղաքում հիմնովին նոր աշխատանքներ են իրականացվում», — նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը:
Աշխատանքները նախատեսվում է ավարտել և ցանցը շահագործման հանձնել մինչև տարեվերջ: Զուգահեռաբար բնակիչները կկարողանան ներքին միացումներն անել: Ծրագիրն էապես կբարձրացնի բնակիչների կյանքի որակը:
«Կոյուղագիծը սանիտարական հիգիենայի կարևոր պայմաններից մեկն է: Մոտ 240 մլն դրամ արժողությամբ ծրագիրը հիմնովին է լուծում կոյուղագծի հարցը, և սա երկար պետք է ծառայի բնակիչներին: Մոտ 50-60 տարի կծառայեն»,-նշում է Խորեն Գրիգորյանը:
Երևանում ընթանում է նաև կոյուղատար համակարգերի վերակառուցում: Խաղաղ Դոնի 23 հասցեն քաղաքի ամենամեծ շենքն է: Տարիներ շարունակ այստեղ կոյուղաջրերը լցվում էին նկուղներ, բնակիչների տներ: Այսօր արդեն տեխնիկան աշխատում է բակում:
«Խնդիրը բնակիչները բազմիցս բարձրացրել էին, նույնիսկ առաջին հարկի բնակարաններ էր լցվում: Այժմ հարցը լուծում է ստանում»,- նշում է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը:
2020-2022թթ. Երևանում կառուցվել ու վերակառուցվել է 11 կմ կոյուղագիծ ու հեղեղատար համակարգ: Միայն այս տարի ծավալները շուրջ 14 կմ են:
«Այս տարի ծավալային առումով ամենամեծ ծրագրերն ենք իրականացնում: 26 հասցեներում 12 կմ երկարությամբ կոյուղատար համակարգ է վերակառուցվում: Ծրագիրը կազմվել է հաշվի առնելով ցանցի վթարայնությունը, բնակչության պահանջարկը: Երկրորդ ծրագիրն իրականացնում է Վիոլեա ջուր ընկերությունը՝ 1.4 կմ երկարությամբ՝ 10 հասցեներում»,-ասում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
Հատուկ հսկողություն է սահմանված աշխատանքների որակի նկատմամբ: Հնամաշ մետաղական խողովակները փոխարինվում են նոր ու հատուկ պոլիէթիլենային՝ ավելի շատ թողունակությամբ խողովակներով:
Երևանի ներքաղաքային կուղատար համակարգի երկարությունը 1200կմ է, որի մոտ 80 տոկոսն այսօր փոխարինման կարիք ունի: Ցանցի արդիականացումը պահանջում է լուրջ ներդրումներ, իսկ համայնքային միջոցները բավարար չեն: Երևանի քաղաքապետարանը գրանցել է ոլորտի առաջնահերթ և հեռանկարային խնդիրները, կազմել ծրագրային փաթեթ:
«Առաջիկայում քննարկում կունենանք, և հավանաբար ամփոփ առաջարկ կներակայացվի կառավարություն այս առնչությամբ»,-ասում է Արեյանը:
Երևանի զարգացումը պետք է նպաստի նաև քաղաքացիների համար հարմարավետ միջավայրի ստեղծմանն ու պաահովմանը: Փուլ առ փուլ համայնքը լուծում է մայրաքաղաքի՝ տարիներ շարունակ չլուծված խնդիրները: