Հայաստանը ՄԻԵԴ-ում նոր դատավոր կունենա
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 6-ի նիտում հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի փոփոխություններին եւ այն համարեց անհետաձգելի:
Նախագծով առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում հնարավոր կլինի Վարչապետի որոշմամբ (որոշումներով) համապարփակ և համակարգային կարգավորելու Եվրոպական դատարանում Հայաստանից ընտրվող դատավորի ընտրության ընթացակարգը և թեկնածուներին ներկայացվող պահանջները:
Մասնավորապես, կլինի Վարչապետի որոշմամբ ձևավորել հանձնաժողով, հաստատել դրա կազմը: Հանձնաժողովը, հաստատված աշխատակարգին համապատասխան կկազմակերպի և կանցկացնի ընտրության գործընթացը՝ երկու փուլով, կիրականացնի մասնակիցների գնահատում և, ի վերջո, երեք լավագույն մասնակիցներից կազմված ցուցակը սահմանված կարգով կներկայացվի հաստատման:
Նշենք, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի առաջին դատավորը պաշտոնավարել է 2003-ից 2014 թվականները, իսկ 2015 թվականից ի վեր պաշտոնավարող դատավորի պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին:
Նախկինում ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրությունը կազմակերպվել է 2014-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի գործունեության և թեկնածուների ընտրության կարգը հաստատելու մասին» նախագահի հրամանագրով և Մրցութային հանձնաժողովի կողմից ընդունված վերաբերելի որոշումներով:
Ներկայումս նկատի ունենալով Հայաստանից դատավորի ընտրության համար ԵԽԽՎ-ին ներկայացվող երեք թեկնածուների ընտրության գործընթացը, թեկնածուների հավակնորդներ, առաջադրման հավասար պայմանների ստեղծման, նրանց ընտրության անկողմանակալ, թափանցիկ և հրապարակային ընթացակարգեր ունենալու հրամայականը՝ անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել «Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին» օրենքի 7-րդ հոդվածում:, որը հիմք կհանդիսանա Վարչապետի համապատասխան որոշումների ընդունման համար, որոնք էլ իրենց հերթին միտված կլինի համապարփակ և համակարգային կարգավորելու Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետությունից ընտրվող դատավորի ընտրության ընթացակարգը: