Բաքվին և Երևանին կոչ ենք անում բոլոր խնդիրները լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով․ Զախարովա
Մենք ծայրահեղ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումների և Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման կապակցությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ ունեցած տվյալների համաձայն՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը վատթարանում է, և Լեռնային Ղարաբաղը կարող է մնալ առանց սննդամթերքի, առաջին անհրաժեշտության պարագաների և դեղորայքի։
«Դա չի համապատասխանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին։ Բաքվին և Երևանին կոչ ենք անում բոլոր խնդիրները լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Ադրբեջանական կողմին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ երթևեկությունը քաղաքացիական նպատակներով»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Զախարովան հավելել է, որ ապագայում ՌԴ խաղաղապահների գործողությունները կհիմնվեն տեղում իրավիճակի զարգացումից և կբխեն եռակողմ պայմանավորվածությունների դրույթներից։