Ադրբեջանը ցանկացած առիթ օգտագործելու է՝ Կարմիր խաչի առաքելությունը Արցախից հանելու նպատակով․ Գեղամ Ստեփանյան
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և առհասարակ հումանիտար առաքելություն իրականացնող ցանկացած միջազգային կազմակերպության քաղաքական պահանջներ ներկայացնելը հակասում է միջազգային հումանիտար իրավունքին»,- Հայաստան-Արցախ հեռուստակամուրջ-ասուլիսի ընթացքում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ վերջերս Ադրբեջանի ԱԳ նախարարը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի հետ հանդիպմանը նշել էր, որ Կոմիտեն նաև Ադրբեջանից կարող է բեռնափոխադրումներ իրականացնել Արցախ:
«Ադրբեջանը ցանկացած առիթ օգտագործելու է՝ Կարմիր խաչի առաքելությունը Արցախից հանելու նպատակով: Բայց այժմ միակ միջազգային ներկայությունը, որ մենք ունենք Արցախում, Կարմիր խաչն է, որը քիչ թե շատ իր չեզոքության, անկախության սկզբունքները պահպանելով՝ փորձում է հումանիտար իրավիճակին օգտակար լինել և հարցերը կարգավորել»։