Երևանի քաղաքապետարանը գործարկել է «Ակտիվ քաղաքացի» ժամանակակից հարթակը, որը կապահովի քաղաքացիների հետ Երևանի քաղաքապետարանի արդյունավետ փոխգործակցությամբ նոր գաղափարների հայտնաբերումն ու քննարկումը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, ներկայացնելով «Ակտիվ քաղաքացի» հարթակի հնարավորություններն, ընդգծեց, որ հարթակի շնորհիվ երևանցիները հնարավորություն ունեն քաղաքապետարանի հետ համատեղ բարելավելու իրենց բնակավայրը՝ ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելով մայրաքաղաքի կյանքը:

«Հարթակը արդեն գործում է: Առաջին նախագծի քվեարկությունն արդեն իսկ  ավարտվել է  և այս պահին քվեարկության և մեկնաբանությունների ուսումնասիրման և քննարկման փուլում է: Հարթակի նպատակն է որոշակի նշանակալի նախագծերի վերաբերյալ հավաքել երևանցիների կարծիքները և դրանք հաշվի առնել կայացվող որոշումների շրջանակներում»,-նշեց քաղաքապետի տեղակալը:

Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ քվեարկությունը նման ձևաչափով իրականացնելու նպատակներից մեկն այն էր, որ այս պարագայում բացառվում է որևիցե կողմնակի ազդեցություն քվեարկության արդյունքների վրա:

 «Այս պարագայում քվեարկության արդյունքների վրա կողմնակի ազդեցությունը բացառվում է, քանի որ հարթակում քվեարկելու  համար պետք է անցնել բավականին խիստ նույնականացում՝ անձը հաստատող փաստաթղթով  և անպայման պետք է գրանցված լինել Երևան համայնքի  ռեգիստրում:  Այլ համայնքների ռեգիստրներում գրանցված անձինք կարող են գրանցվել հարթակում, բայց չեն կարող քվեարկել:

Քաղաքապետի տեղակալն ընդգծեց՝ հարթակում գործում է կարծիքներ հայտնելու երկու տարբերակ. քվեարկություն նախագծի վերաբերյալ առաջարկվող տարբերակներից մեկի օգտին և երկրորդը՝  մեկնաբանություններ թողնելը:

Քաղաքացիները հնարավորություն ունեն նաև կայքի միջոցով ուղարկել իրենց առաջարկները, որոնք կլինեն քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն