Մաշա Մնջոյանն արժանացել է Գրան պրի մրցանակի
Հայաստանը «Славянский базар» մրցույթից վերադարձել է հաղթանակով ու պատվավոր հորիզոնականով: Մանակական մրցույթում մեր երկիրը ներկայացնող Անահիտ Գալստյանը գրանցել է 2-րդ հորիզոնականը, իսկ երիտասարդ կատարողների մրցույթում Հայաստանը ներկայացնում էր Մաշա Մնջոյանը, որն արժանացել է Գրան պրի մրցանակի: «Славянский базар» մրցույթում մեր պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանն ու մրցույթի այս տարվա հայ պատվիրակներն արդեն Հայաստանում են, ու այսօր՝ հուլիսի 19-ին կայացած մամուլի ասուլիսի շրջանակում ամփոփել են հայաստանյան արդյունքները:
2017 թ-ից սկսած «Славянский базар» մրցույթում Հայաստանի մասնակցության գործընթացը ստանձնել է Շառլ Ազնավուրի անվան քոլեջը՝ ի դեմս տնօրեն Վրեժ Կիրակոսյանի: Նրա գնահատմամբ՝ Հայաստանը մրցույթին մշտապես փայլուն ելույթներ է ապահովել. «Այնտեղ գիտեն, որ Հայաստանի հետ մրցելը դժվար է, մեր մշակութային կարողությունը միշտ էլ գնահատվում է: Պարզապես, այդ ամենին պետք է տեր կանգնենք»,-ասում է նա:
Երգչուհի Մաշա Մնջոյանն Ավստրալիայում էր, երբ Վրեժ Կիրակոսյանից ստացել է մրցույթում Հայասատանը ներկայացնելու առաջարկը: Նա խոստովանում է, որ ավստրալիական «Ձայնը» նախագծից հետո որոշել էր այլեւս չմասնակցել մրցույթների,-«Սակայն ցանկացած որոշում ետին պլան է մղվում, երբ խոսքը Հայաստանը ներկայացնելու մասին է»,-ասում է նա: