Հայաստանն Ուրուգվայում դեսպանություն է բացում
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու հարցը։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև հարաբերությունները կրում են ջերմ, համագործակցային բնույթ։ Դրանք ունեն նաև պատմական արմատներ, քանզի Ուրուգվայը առաջին երկիրն էր, որ 1965 թվականին պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց հայոց ցեղասպանությունը։
2019 թվականի օգոստոսից Երևանում գործում է Ուրուգվայի դիվանագիտական ներկայացուցչությունը (գլխավոր հյուպատոսության, իսկ 2021 թվականի հոկտեմբերից դեսպանության մակարդակով)։
Արտաքին գործերի նախարարությունը 2023թ. իր բյուջետային հայտում ներկայացրել է Ուրուգվայում դեսպանություն բացելու և գործունեություն ծավալելու նախահաշիվ, որը ապահովվել է: Ստացվում է, որ 2023 թ. բյուջեում արդեն իսկ նախատեսված են Ուրուգվայում դեսպանություն բացելու համար անհրաժեշտ միջոցներ: