Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին ազգային տոնի կապակցությամբ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։
Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Մեծ գոհունակությամբ արձանագրում եմ, որ մեր երկրների և ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ավանդական ջերմ հարաբերությունները շարունակում են անշեղորեն ամրապնդվել։ Դրա լավագույն ապացույցն այս տարվա սկզբին Հայաստան կատարած Ձեր պատմական այցն էր, որով միջպետական հարաբերությունները թևակոխեցին կառուցողական երկխոսության և դինամիկ զարգացման նոր շրջան՝ ընդլայնելով համագործակցության օրակարգը։
Հայաստանը շահագրգռված է Միջին Արևելքի կայունությամբ և բարձր է գնահատում Եգիպտոսի դրական դերակատարությունը տարածաշրջանի անվտանգության ամրապնդման և ահաբեկչության դեմ պայքարի գործում»։