Փողերի լվացման մեջ մեղադրվող Ս.Կ.-ն կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի. քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը վերացվել է
ՀՀ քաղաքացի Ս.Կ.-ն 2010 թվականի հուլիսի 15-ին ձեռք է բերել Կիպրոսի Հանրապետությունում հիմնադրված «WLISPERA HOLDINGS LIMITED» կազմակերպության բաժնետոմսերը և նշված ընկերությունը կառավարելու իրավասությունը հանձնել է իր սանիկ, «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր տնօրեն Ա.Ս.-ին՝ այդպիսով օժանդակելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելուն: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Քրեական վարույթով պարզվել է, որ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի և բանկերից մեկի միջև կնքված պայմանագրով՝ Ա.Ս.-ն բանկից ստացել է 3 մլրդ 664 մլն 175 հազար դրամին համարժեք 9 մլն ԱՄՆ դոլար և 361 մլն 500 հազար դրամի վարկի գումարներ՝ նպատակ չունենալով ստացած վարկային միջոցները հետագայում վերադարձնել:
Խաբեությամբ ձեռք բերված գույքային իրավունքներից ստացված եկամուտներն օրինականացնելու, ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով՝ Ա.Ս.-ն կատարել է մի շարք բանկային և առևտրային գործարքներ:
Մասնավորապես՝ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի անվամբ բացված դոլարային հաշվից՝ Կիպրոսի Հանրապետության «HELLENIC BANK PUBLIK COMPANY LTD» բանկում բացված, իրեն և Ս.Կ.-ին պատկանող «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերությանը փոխանցել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի՝ 131 մլն 950 հազար դրամին համարժեք 350 հազար ԱՄՆ դոլարի եկամուտ, որին միախառնել է նույն բանկում իրեն պատկանող 2 այլ ընկերության հաշվեհամարներից փոխանցված, հանցավոր նույն եղանակով ստացված գումարները:
Փոխարենը տվյալ ընկերության կողմից «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի դոլարային հաշիվներին փոխանցվել է 1 մլն 707 հազար 32,3 ԱՄՆ դոլար:
Վճռաբեկ դատարանի 14.04.2021 թվականի որոշմամբ՝ Ա.Ս.-ն դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ (Ա.Ս.-ն չի հայտնաբերվել, հայտարարվել է հետախուզում):
Նախաքննության ընթացքում՝ 2020 թվականի ապրիլի 13-ին, Ս.Կ.-ին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախություն) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը, փողերի լվացում):
Որպես խափանման միջոց՝ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: Առաջադրված մեղադրանքում Ս.Կ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: 2021 թվականի դեկտեմբերի 17-ին որոշում է կայացվել Ս.Կ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և նրա նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու մասին՝ նրա արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:
Վերադաս դատախազը 2023 թվականի հուլիսի 11-ին քննիչի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 17-ին կայացված որոշումը վերացրել է՝ վաղաժամ և անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: