«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հայտարարում է 2021/2022թթ. կրթաթոշակի մրցույթ
«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը մայիսի 27-ից հայտարարում է տարեկան կրթաթոշակի մրցույթ` 10-17 տարեկան տաղանդավոր պատանի երաժիշտների համար:
Կրթաթոշակին կարող են դիմել Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցների, երաժշտական քոլեջների աշակերտներ հետևյալ մասնագիտություներով՝ ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ, դաշնամուր և տավիղ:
Միջազգային ժյուրիի կողմից ընտրված լավագույնները կստանան դրամական խրախուսում, աշխարհահռչակ երաժիշտների վարպետության դասերին անվճար մասնակցելու հնարավորություն, այդ թվում՝ առցանց, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հայաստանյան համերգներին և փորձերին անվճար ներկա գտնվելու հնարավորություն:
Կրթաթոշակին դիմելու համար փաստաթղթերի և տեսաձայնագրության ընդունման վերջնաժամկետը ընթացիկ տարվա հունիսի 17-ն է:
Ստացված դիմում-հայտերի ամփոփումը և տեսաձայնագրությունների ունկնդրումները կկատարվեն բոլոր հայտերը ստանալուց հետո 1-ամսյա ժամկետում:
Կրթաթոշակի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը համոզված է, որ այս ծրագրի օգնությամբ ի հայտ եկած տաղանդավոր պատանի երաժիշտները Հիմնադրամի աջակցությամբ կհասնեն մեծ հաջողությունների, քանզի կրթված և նպատակասլաց երաժիշտը, որն իր մեջ կրում է հայ մշակույթի գենը, միանշանակ «դատապարտված է» հաղթանակի:
Կրթաթոշակին դիմելու բոլոր մանրամասները կգտնեք կայքի «Մեր ծրագրերը» բաժնում: