Սեպտեմբերի 26-ի երեկոյան՝ մինչև պատերազմի սկիզբը, գտնվել եմ օդանավում. Դավիթ Տոնոյան
Սեպտեմբերի 25-ին գործուղված էի ՌԴ՝ զորավարժությունների: 25-26-ի երեկոն գտնվել եմ Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ երկրում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումների կազմակերպման նպատակով գործուղման շրջանակներում: Այդ մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:
«26-ի երեկոյան՝ մինչև պատերազմի սկիզբը, գտնվել եմ օդանավում: Շարունակում էի իմ գործուղումը դեպի կենտրոնասիական երկիր՝ վայրէջքով, որտեղից պետք է վերցվեին այն մարդիկ, որոնք բանակցություններին էին մասնակցելու, ընդ որում՝ ՀԱՊԿ անդամ-երկրների՝ էլի գործուղման շրջանակներում, որտեղ պետք է շարունակվեին բանակցությունները՝ նորից սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումների հետ կապված հարցերում: Վայրէջքի պահին անմիջապես տեղեկացվել եմ ԳՇ պետից, երբ հնարավորություն եղավ հեռախոսները միացնելու»,- ասաց Տոնոյանը:
44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ճշտեց՝ «Ղազախստանով էիք, չէ՞, վերադառնում», Դավիթ Տոնոյանը պատասխանեց՝ այնտեղ էր գործուղումս, ապա շարունակեց. «...Որից հետո ունեցել եմ նաև խոսակցություն ՀՀ վարչապետի հետ: Հաշվի առնելով քովիդային «թռիչքային իրավիճակները»՝ երկու-երեք ժամվա ընթացքում հնարավորություն ստեղծվեց (անմիջապես տեղեկացվելուց հետո)՝ ինքնաթիռ հայթայթելու, որպեսզի կարողանամ վերադառնալ Հայաստան: Վերադարձս բավականին խոչընդոտներով էր»:
Տոնոյանը խոստացավ հանձնաժողովի փակ նիստի ժամանակ ասել՝ ինչ էր ստիպված անել վերադառնալիս, ապա հավելեց, որ Վրաստանով է վայրէջք կատարել:
«28-ին՝ առավոտյան 4-ին, եղել եմ Երևանում, որից միառժամանակ հետո թույլտվություն ստացել եմ վարչապետից և մեկնել եմ մարտական գործողությունների իրականացման վայր»,- ասաց նա: