Ֆոն դեր Լայենի իրավահաջորդը Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում կարող է լինել Թիերի Բրետոնը. Politico
Ուրսուլա ֆոն դեր Լայենի իրավահաջորդը Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավարի պաշտոնում կարող է լինել Թիերի Բրետոնը՝ Ներքին շուկայի հարցերով եվրոպական հանձնակատարը, որը, ի թիվս այլ հարցերի, պատասխանատու է նաև Ուկրաինա արկերի մատակարարման համար, գրում է Politico-ն:
Պարբերականի տեղեկություններով ՝ Բրետոնն «իր ձեռքում հսկայական իշխանություն է կենտրոնացրել»: Նա հաստատում է ԵՄ բոլոր որոշումները, որոնք վերաբերում են ընդհանուր շուկայի գործունեությանը՝ սկսած «COVID-19-ի դեմ պատվաստանյութերի և Ուկրաինայի համար հրետանային արկերի գնումներից ու մատակարարումից մինչև Եվրոպայում թվային ծառայությունների շուկայի վերահսկողությունը»:
Միաժամանակ Politico-ն նշում է, որ Եվրահանձնաժողովում «հզոր լինելը երաշխիք չէ» կազմակերպության առաջնորդ դառնալու համար։ Բրետոնին անհրաժեշտ է ստանալ եվրոպացի բոլոր առաջնորդների աջակցությունն ու Եվրախորհրդարանի հավանությունը։
Պարբերականն ընդգծում է, որ Բրետոնի թեկնածությունը կարող է խնդրահարույց դառնալ ԵՄ շատ երկրների համար, որոնք կվախենան, որ նա կսկսի առաջ մղել ֆրանսիական շահերը Բրյուսելում։ Մյուս կողմից՝ այս նշանակման հեռանկարը կարող է նյարդայնացնել Վաշինգտոնին, քանի որ Բրետոնը «շատ ավելի քիչ ատլանտիստ է, քան Ֆոն դեր Լայենը, և նա արդեն կոշտ դիրքորոշում է որդեգրել ամերիկյան խոշոր թվային կորպորացիաների դեմ՝ իրեն անվանելով Եվրոպայի թվային ժանդարմ»։