Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամն են հեռախոսազրույցում քննարկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

Արարատ Միրզոյանը շեշտել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը` համաձայն Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների, և ԼՂ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը: Ընդգծվել է ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիարժեք և անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությունը։ ԱԳ նախարարը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է որակել ԼՂ-ից բժշկական նպատակով Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների կողմից առևանգման դեպքը:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը վերահաստատել է ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո հասցեագրման կարևորության հարցում հայկական կողմի դիրքորոշումը: Ընդգծվել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված գործողությունները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն