Հայաստանի ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ շարունակում է կանգնած մնալ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկվող հումանիտար օգնությունը՝ 21 բեռնատարով:

Հայաստանի ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներին հեռվից ցույց է տրվել Ադրբեջանի կողմից ապօրինաբար տեղադրված անցակետը, ապա ներկայացվել է ստեղծված իրավիճակը:

Ճեպազրույցի ժամանակ Կոռնիձորի սահմանային հատվածից աշխատող «Լուրեր»-ի թղթակցի հարցին, թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքն անհապաղ բացելու կոչով, ի՞նչ քայլեր է նախատեսում այս համատեքստում, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն պատասխանեց՝ կարդալով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը:

«Լուրեր»-ի թղթակիցն ընդգծեց՝ հունիսի 15-ից որևէ հումանիտար բեռ, այդ թվում՝ դեղորայք, չի մտել ԼՂ: Արդյոք կա՞ն այլ գործուն քայլեր, որ հնարավոր կդարձնի հումանիտար բեռի՝ ԼՂ ուղարկելը:

«Ցավոք սրտի, այս պահի դրությամբ չեմ կարող ավելին ասել, քան այն հայտարարությունը, որ երեկ երեկոյան է թողարկվել, և այսօր առավոտյան՝ ժամը հինգին է հրապարակվել:

Ակնկալում ենք, որ այն հայտարարությունը, որը հրապարակվել է, դրական արդյունքների կհանգեցնի»,- ասաց նա:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության առնչությամբ և հումանիտար իրավիճակի վատթարացմամբ, կոչ արել հրատապ միջոցներ կիրառել՝ ապահովելու կարիքավորներին հումանիտար օգնության մատակարարման հասանելիությունը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն