ACT Alliance միջազգային միջեկեղեցական կազմակերպությունը կոչ է անում անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը Լեռնային Ղարաբաղում և հավատարիմ մնալ մարդասիրական սկզբունքներին։

«Լեռնային Ղարաբաղում աճող հումանիտար ճգնաժամի պայմաններում եկեղեցիների համատեղ գործողությունների դաշինքը խոր մտահոգություն է հայտնում Ադրբեջանի իշխանությունների կողմից Լաչինի միջանցքը փակելու կապակցությամբ, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, ինչն արագացնում է հումանիտար ճգնաժամը»,- նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Դաշինքը շեշտել է, որ վերջին յոթ ամիսների ընթացքում շրջափակումը լրջորեն ազդել է տարածաշրջանի, հատկապես՝ առավել խոցելի խավերի կյանքի վրա:

«Լեռնային Ղարաբաղում բնակվող մոտ 120 000 էթնիկ հայեր, այդ թվում՝ 30 000 երեխա, տառապում են սննդի, դեղորայքի և վառելիքի խիստ պակասից: Բացի դրանից՝ այս ճգնաժամն ազդում է նրանց համար բժշկական օգնության և կյանք փրկող ծառայություններից օգտվելու  հասանելիության վրա:

Փետրվարի 25-ին Արդարադատության միջազգային դատարանն  Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։

ACT Alliance-ն անհանգստացած է Ադրբեջանի կողմից իր էթիկական պարտավորությունների և մարդասիրական սկզբունքների խախտմամբ և կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը վերջ տալ մարդկային տառապանքներին՝ հատկապես ուշադրություն դարձնելով առավել խոցելի խավերին: Մարդասիրական օգնության արգելափակումը չպետք է օգտագործվի որպես հակամարտության կամ այլ վեճերի լուծման ռազմավարություն։

ACT Alliance-ը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և թույլատրել խաղաղ բնակիչների և ապրանքների անխոչընդոտ և անվտանգ անցումը միջանցքով, ինչպես նաև երաշխավորել մարդասիրական անխոչընդոտ մուտքը՝ միջազգային իրավունքին և Արդարադատության միջազգային դատարանի կարգադրությանը համապատասխան:

ACT Alliance-ը նաև կոչ է անում միջազգային հանրությանը շտապ աշխատանք տանել շրջափակումը դադարեցնելու և տարածաշրջանում արդար խաղաղություն հաստատելու դիվանագիտական լուծումներ գտնելու ուղղությամբ»,- նշված է ACT Alliance-ի գլխավոր քարտուղար Ռուդելմար Բուենո դե Ֆարիայի անունից տարածված հաղորդագրության մեջ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն