Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը առաջիկայում ուղերձով դիմելու է միջազգային կառույցներին և դերակատարներին։ Փակագծերը չբացելով՝ այդ մասին նա ասել է Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Հարությունյանը համոզված է, որ 8 ամսից ավելի շրջափակման մեջ գտնվող Արցախը փրկելու համար դեռ կան գործիքներ, որոնք անհրաժեշտ է օգտագործել։ Ըստ Հարությունյանի՝ դեռ հույս կա, որ հարցը ՄԱԿ ԱԽ–ում առանձին քննարկման առարկա կդառնա։ 2 շաբաթ առաջ Արայիկ Հարությունյանը Արցախը հայտարարել էր աղոտի գոտի, բայց այդ ընթացքում իրավիճակ է փոխվել ու, ըստ նրա, այդ ձևակերպումն այլևս չի համապատասխանում իրականությանը։ Արցախի նախագահը հաստատել է, որ հավաքական Արևմուտքի կողմից երրորդ երկրում Ստեփանակերտ–Բաքու երկխոսություն կազմակերպելու փորձ եղել է, որը, սակայն, մերժել է Ադրբեջանը։ Երկխոսելու օրակարգը հաստատված չի եղել, քանի որ այս փուլում ջանքերի մեծ մասն ուղղված էր պարզապես այդ հանդիպումն իրականություն դարձնելուն։

2003-2012 թթ–ին Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն պատասխանել է օրեր առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակին։ Իրավունքի դոկտորից Հարությունյանը փորձագիտական կարծիք էր խնդրել Արցախի նկատմամբ Ադրբեջանի գործողությունների առնչությամբ․

«Հիմա արդեն ունենք նախնական եզրակացություն, որ սա ցեղասպանություն է։ Հատկապես առողջապահության բնագավառում մենք ունենք դեղորայքի լուրջ պակաս։ Դեղատներում արդեն մենք ունենք կյանքը փրկող դեղատեսակների սղություն և շուտով ընդհանուր առմամբ չենք ունենալու։ Տարբեր քրոնիկ հվանդությունների բարդացման ու մահվան դեպքերի աճը շարունակվում է։ Օրինակ, արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան դեպքերը առաջին կիսամյակում աճել են մոտ երկու անգամ։ Խոցելի են հատկապես հղիները, երեխաները ու հատկապես քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, որոնց առողջական վիճակը վատթարանում է թերսնման, սթրեսների և այլ պատճառներով»։

Արայիկ Հարությունյանի պնդմամբ՝ Ադրբեջանը ցանկանում է հրաժարվել 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունից և նոր պատերազմ սկսել։ Հարցազրույցում նա մի քանի անգամ կրկնեց միտքը, որ Ադրբեջանը Արցախի շուրջ օղակը սեղմելով, նաև փորձում է Հայաստանից զիջումներ կորզել՝ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը կյանքի կոչելու համար։ Հարությունյանը պնդում է, որ Ադրբեջանի օրակարգում այդ հարցը սպառված չէ։

Եթե երկու շաբաթ առաջ Արայիկ Հարությունյանն Արցախը հայտարարել էր աղետի գոտի, ապա անցած օրերի ընթացքում իրավիճակը նորից փոխվել է։ Նա պնդում է, որ Ադրբեջանը Արցախը վերածել է համակենտրոնացման ճամբարի, որտեղ իրականացնում է ցեղասպանություն։ Այդ իսկ պատճառով ստեղծված աղետը մեղմելու և Աղդամով մարդասիրական օգնություն մատակարարելու Ադրբեջանի առաջարկն Արցախի նախագահը տեղին և ընդունելի չի համարում։ Պատրաստվում է առաջիկայում ուղերձով դիմել միջազգային հանրությանը, չնայած «միջազգային ուժային կենտրոններ» կոչվածներին դիմելու փորձից վկայակոչում է «զրոյական արդյունքը»։ 

«Առաջիկա օրերին հատուկ կոչ–դիմումով դիմելու եմ միջազգային հանրությանը, հատկապես դերատարաներին՝ կոնկրետ առաջարկությամբ կամ պահանջներով, քանի որ, երբ դրդում են Ադրբեջանի հետ երկխոսության, պետք է ստեղծել այդ պայմանները, որից հետո պահանջել կամ հորդորել մեզ հանդիպման։ Կարծես լուռ համաձայնություն կա, որպեսզի մեզ թողնեն Ադրբեջանի հետ մեն–մենակ։ Մենք ցեղասպանության եզրին ենք։ Դրա համար դա երկխոսություն անվանել չի կարելի, ընդամենը մեզ դրդում են ընդունելի Ադրբեջանի պայմանները, պահանջները, որը միանշանակ մեզ համար անընդունելի է, քանի որ ցանկացած երկխոսություն, հանդիպում պետք է առաջին հերթին իրավավասարության, արժանապատվության և իրավունքների շրջանակներում լինի։ Այդ երեք սկզբունքները խախտված են, դրա համար ցանկացած հանդիպում չի կարող լինել երկխոսություն։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը, շարունակելու ենք պնդել միջազգային հանրությանը հարգելու մեր իրավունքները և այդ առումով դեռ կա գործիքակազմ»։

Արցախի նախագահը փակագծեր չի բացել։ Փոխարենը՝ նրա խոսքից դժգոհություն է արդեն հնչել հայաստանյան ընդդիմությունից։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը սոցցանցում գրել է․

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի «բացառիկ» հարցազրույցը ցույց տվեց, որ Արցախն ունի ուժեղ կամքի տեր քաղաքացիներ, բայց չունի իրեն առաջնորդող ղեկավար: Մեկ շաբաթ, միգուցե, ավելի, շեփորահարվում էր, որ Հարությունյանը բացառիկ հայտարարություններ է անելու և այն Արցախում որոշակի սպասումներ, այնուամենայնիվ, ձևավորել էր: Անընդհատ կրկնել, որ պայքարը հանուն ինքնորոշման իրավունքի իրացման է, դա բավարար չէ։ Արայիկ Հարությունյանի հարցազրույցն Արցախում ավելի մեծ հոգեբանական խնդիրներ առաջացրեց, որովհետև իր խոսքում ոչինչ չկար շարժվելու ուղղությունների, Արցախում ճգնաժամի կառավարման և մարդկանց ապագայի մասին»։

Արայիկ Հարությունյանի հասցեին ուղղվող դժգոհություններից և Հայաստանից ստացված ֆինանսական աջակցությունը սխալ օգտագործելու մեղադրանքներից մեկն այն է, որ կանխատեսելով Ադրբեջանի ուժգնացող ճնշումները, Արցախի ղեկավարությունը չօգտագործեց ժամանակը համապատասխան պաշարներ հավաքելու համար։ Հարցազրույցի հիմնական նպատակներից մեկն էլ հենց այդ մեղադրանքներին պատասխանելն է, խոստովանել է Արայիկ Հարությունյանը․

«Այո, կարող էինք։ Բայց այսօր մենք ստանում ենք միայն կարտոֆիլի գծով 5–6 հազար տոննա բերք, ցորենի գծով այնքան, որ թույլ է տալու ձգել և դեռ ունենալ ալյուր, բանջարաբոստանային հազարավոր տոննա ապրանքներ։ Այսինքն՝ կառավարության նպատակը ոչ թե բերել պահեստավորելն է, այլ՝ բերել արտադրել։ Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, թե ինչու այս ապրանքատեսակը այսքան ժամանակվա համար չենք նախատեսել, կարող է որոշ նման հաշվարկներում սխալվել կամ չենք պատկերացրել, բայց հենց կառավարության գործունեության արդյունքում մենք ունենք հնարավորություն դեռ պայքարելու, դեռ ունենալու նվազագույն սնունդը, որը թույլ է տալիս մարդկանց շարունակելու ապրել, գոյատևել և պայքարել»։

Չնայած Արցախի նախագահը պնդում է, որ Հայաստանի իշխանությունների հետ եթե ոչ ամեն օր, ապա պարբերաբար շփումներ ունենում է, հիմնականում կա փոխհամաձայնություն բազմաթիվ հարցերում, բայց նաև նրա խոսքում նկատելի է զգուշավորությունը և որոշ դեպքերում՝ նաև դժգոհությունը Հայաստանից ստացվող ազդակներից․

«Ես ուզում եմ հորդորել Հայաստանի իշխանություններին զերծ մնալ այն քայլերից, հայտարարություններից, որոնք կարող են կասկածի տակ դնել Արցախի ինքնորոշումը։ Շարժումը սկսվել է 88 թվականին ոչ թե մարդու, ոչ թե ղեկավարի, ոչ թե իշխանության, այլ ժողովրդի կողմից և այն որևէ մարդու մենաշնրոհ չէ։ Ոչ մեկը իրավունք չունի կասկածի տակ դնելու և սահմանափակելու մեր ինքնորոշման իրավունքը։ Կան քաղաքական ուժեր ՀՀ–ում, որ փորձում են մեզ մեղադրել Ադրբեջանի քաղաքականությունը իրականացնելու համար։ Մեզ համար երկուսի նպատակը նույնն է՝ քադել Արցախի իշխանությունները, քանդել այն ինստիտուտները, որոնք կան Արցախում»։

Ամեն դեպքում, անգամ շրջափակման պայմաններում, Արցախի կառավարման կարևորագույն մարմիններից մեկում՝ ԱԺ–ում, տեղի են ունեցել ընտրություններ և ընտրվել է նոր ղեկավար։ Ընտրությունները արտահերթ էին, քանի որ հուլիսի 29-ին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական էր տվել։

22 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ Արցախի Աժ նոր նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող Ազատ Հայրենիք-ՔԴՄ խմբակցությունը։

Արցախի նախագահը ամբողջ հայությունից այժմ համախմբան ակնկալիք ունի։ Համոզված է, որ նյութական օգնությունից բացի, կարևոր են նաև տարբեր վայրերում բողոքի ակցիաները, ցույցերը և հայտարարությունները՝ ի աջակցություն Արցախի։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն