ԼՂ–ում մարդիկ բախվել են ջրի սակավության խնդրին. ԱԳՆ խոսնակ
Լեռնային Ղարաբաղում հումանիտար ծանր ճգնաժամի և ամռան շոգ եղանակի պայմաններում մարդիկ բախվել են ջրի սակավության խնդրին, թվիթերում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Նա հրապարակել է նաև ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության՝ ջրի կենսական կարևորության մասին գրառումը։
«Այս ընթացքում հումանիտար ճգնաժամի պայմաններում Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ամառային եղանակին նույնպես բախվում է ջրի սակավության խնդրի հետ։ Վառելիքի պակասի պատճառով պոմպերն աշխատում են հզորության կեսի չափով։ ՄԱԿ-ը, պարենի և գյուղատնտեսության միջազգային կազմակերպությունը և այլ կազմակերպություններ պետք է ջանքեր գործադրեն Լաչինի միջանցքի բացման համար»,- գրել է նա։
Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով արտահերթ նիստ գումարել Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ։