Արտակ Ապիտոնյանը ՄԱԿ կառույցների և Կարմիր խաչի ղեկավարներին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
Մայիսի 27-ին Ժնև է այցելել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի, ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատար Միշել Բաչելետի, ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերի հետ:
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ Արտակ Ապիտոնյանը զրուցակիցներին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքները, Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները, ներառյալ՝ հայ գերիների ու հայկական մշակութային ժառանգության խնդիրները: Արտակ Ապիտոնյանը զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է նաև վերջին շրջանում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ Ադրբեջանի իրականացրած ոտնձգությունների վրա, որոնց արդյունքում արդեն արձանագրվել է մարդկային զոհ: