Առաջարկվում է օրենքով կանոնակարգել համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Այդ նպատակով գործող օրենքը նախատեսվում է լրացնել նոր՝ 5.1-ին հոդվածով: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ ՀՀ կառավարությունն իր որոշմամբ hամայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով կարող է ամրացնել ցանկացած գույք և հետ վերցնել իր կողմից hամայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման և այլն: 

Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 6-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագծի ընդունմամբ ակնկալվում է կանոնակարգել համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացը:

Հանձնաժողովի անդամներին հիմնականում հետաքրքրել է վիճակագրությունը, թե որտեղ ինչքան անշարժ գույք կա և ինչպես է տեղի ունենալու դրանց անհատույց տրամադրման գործընթացը:

Առնակ Ավետիսյանի հավաստմամբ առաջին ընթերցումից հետո կտրամադրվի այդ վիճակագրությունը: Նա հորդորել է համայնքներին ներկայացնել հստակ ծրագրեր, իսկ Կառավարությունն ամեն ինչով կաջակցի դրանք կյանքի կոչելուն:

Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն