Հայաստանի ազգային ավիաուղիներ «Ֆլայ Արնա» ավիաընկերությանն այս տարվա օգոստոսին հաջողվել է անցնել Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) գործառնական անվտանգության աուդիտն (IOSA) ու ստանալ IOSA անվտանգության հավաստագիր, սա ձեռքբերում է ինչպես ավիաընկերության, այնպես էլ երկրի համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս և Սոչիի միջազգային օդանավակայանի կողմից ամենաճշտապահ ավիաընկերությունների շարքին դասվելու ձեռքբերումների մասին է խոսել «Ֆլայ Արնա» ավիաընկերության ներկայացուցիչ, մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Այս գործառնական անվտանգության աուդիտն ավիաընկերություններն անցնում են իրենց իսկ  նախաձեռնությամբ: «Ֆլայ Արնա»-ն Հայաստանում առաջին և այս պահին դեռևս միակ ավիաընկերությունն է, որը հաջողությամբ անցել է IOSA աուդիտը և դարձել IOSA օպերատոր։

«IOSA հավաստագրի ստացմամբ «Ֆլայ Արնա»-ն ազդակ է տալիս աշխարհին, որ Հայաստանն անվտանգ ավիացիոն շուկա է, և դրանով, վստահ ենք, օգնում է Հայաստանին վերականգնել իր վարկանիշը համաշխարհային ավիացիայի շուկայում։ IOSA աուդիտի ընթացքում մանրակրկիտ ուսումնասիրվել և գնահատվել են «Ֆլայ Արնա»-ի բոլոր գործընթացների, ընթացակարգերի համապատասխանությունն ավիացիոն համաշխարհային ստանդարտներին»,-ասաց խոսնակը:

Անտոնյանը մանրամասնեց՝ IOSA աուդիտի ընթացքում մանրամասն ուսումնասիրվել է, թե ինչպես է իրականացվում թռիչքների պլանավորումն ու կառավարումը, ինչպիսի անվտանգային վերահսկողության ընթացակարգեր է կիրառում ընկերությունը, ինչ ընթացակարգերով են իրականացվում օդանավերի տեխնիկական ու վերգետնյա սպասարկումը, որքանով են ընկերության ձեռնարկները համապատասխանում միջազգային ստանդարտներին և արդյոք ավիաընկերության թռիչքային անձնակազմն ունի համապատասխան պատրաստվածություն անվտանգ թռիչքների իրականացման համար:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքուրմ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն