Քիմ Քարդաշյանը և Էրիկ Իսրայելյանը կոչ են անում Բայդենին կանխել երկրորդ Հայոց ցեղասպանությունը
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը ուղերձ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հույս հայտնելով, որ նա կկանխի ևս մեկ Հայոց ցեղասպանություն։
«ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ. Մենք Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն ենք և չենք ցանկանում ապագայում խոսել ևս մեկ ցեղասպանության ճանաչման կամ ոգեկոչման մասին»,- գրել են նրանք Rolling Stone-ում հրապարակված հոդվածում:
Նրանք հիշեցնում են, որ անցյալ տարվա դեկտեմբերից Ադրբեջանը շրջափակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` նշելով, որ Ուկրաինայի պատերազմը հանգեցրել է նրան, որ որոշ երկրներ նավթ ներկրելու համար, ստիպված են եղել հույսը դնել Ադրբեջանի վրա: Բաքուն այս հանգամանքը օգտագործելով՝ «սովը որպես զենք է օգտագործում տարածաշրջանի հայ բնակչության դեմ»։
«Այլևս ժամանակ չկա մտքերի, աղոթքների կամ մտահոգությունների համար»,- շեշտել են Քարդաշյանն ու Իսրայելյանը։
Ընդգծելով, որ ամբողջ աշխարհում կառավարությունների լռությունը միայն թեժացնում է իրավիճակը, նրանք խնդրում են Բայդենին քայլեր ձեռնարկել, ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի միջանցքը բացելու համար։
«Արցախում ժողովուրդն ուզում է խաղաղ ապրել. Հիմա իրական առաջնորդության ժամանակն է»,- եզրափակել են նրանք: