«Մենք այսօր ստացանք մեր առաջին էլեկտրաավտոբուսը, որը պետք է փորձարկենք, և եթե չեմ սխալվում, ձեր բալանսին պետք է նստի այդ ավտոբուսը»:

Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստի ժամանակ, ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանին:

Վերջինս էլ արձագանքեց՝ ասելով, որ էլեկտրոավտոբուսն արդեն իրենց տարածքում է, և վաղվանից դուրս կգա երթուղի:

Տիգրան Ավինյանն էլ նկատեց. «Մենք ներմուծել ենք առաջին էլեկտրոավտոբուսը Երևան և պլանավորում ենք համապատասխան մրցույթ, որով պետք է ներմուծենք 250 էլեկտրաավտոբուսներ Երևանի տրանսպորտային ցանցում ներդնելու համար, որոնք կփոխարինեն երկար ծառայած «Հիգեր» մակնիշի ավտոբուսներին և մանուշակագույն ավտոբուսներին, որոնք այս պահի դրությամբ շարժակազմի նվազ լինելու պատճառով ոչ պատշաճ ծառայություն են մատուցում Երևան քաղաքին: Ամբողջապես և՛ որակապես կփոխվեն, և՛ քանակապես կավելանան, և՛, ամենակարևորը, մենք շարունակում ենք կանաչ տրանսպորտ ներմուծել, որը ամենակարևոր մեր հանձնառություններից մեկն է՝ օդի որակի բարելավման տեսանկյունից: Երևան քաղաքում մենք խստորեն պետք է հետևենք օդի որակին, և էլեկտրոավտոբուսներն այդ ճանապարհին կարևոր քայլերից մեկն են»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն