ԵՄ-ն վերահաստատում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը
Եվրամիությունը վերահաստատում է իր խորին համոզմունքը, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ կնքված համաձայնագրերին և Միջազգային քրեական դատարանի որոշմանը համապատասխան, ասվում է Եվրոպական խորհրդի նախագահի մամուլի խոսնակ Եկատերինա Քեյզինգի հայտարարության մեջ։
Նշվում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շարունակում է սերտորեն ներգրավված լինել՝ առաջնային ուշադրություն դարձնելով լարվածության թուլացմանը և Ղարաբաղի հայերի առջև ծառացած հումանիտար իրավիճակին։
«Մասնավորապես, նախագահ Միշելը վերջին մի քանի օրերին ինտենսիվ շփումներ է ունեցել ինչպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այս հարցող շփումներ են եղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ Նյու Դելիում Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում»,- նշում է խոսնակը:
Այս ջանքերը, նաև Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ներգրավվածությամբ, ուղղված են լարվածության թուլացմանը, Ղարաբաղի հայերին հումանիտար հասանելիության ապահովմանը և ապաշրջափակման համար լուծում մշակելուն, ասված է հաղորդագրությունում:
Եվրամիությունն արձանագրում է Աղդամի ճանապարհով Արցախ ռուսական մարդասիրական օգնության առաքումը և ակնկալում, որ դա կխթանի տեղի բնակչության համար մարդասիրական կանոնավոր մատակարարումների վերսկսումը:
«Եվրամիությունն ակնկալում է, որ այսօրվա զարգացումներին կհետևեն ավելի կոնկրետ քայլեր առաջիկա օրերին և շաբաթներին՝ կապված Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև նրանց իրավունքների և անվտանգության շուրջ երկխոսության, հաշտեցման ջանքերի և ընդհանուր հայ — ադրբեջանական խաղաղության գործընթացի հետ», — ասել է Քեյզինգը: