«էլեկտրոնային մատյանները հանրակրթության մեջ նորություն չեն, մենք սկսել ենք օգտագործել քովիդի ժամանակ, երբ դրանք լավ գործիք էին գործընթացը կազմակերպելու համար և գնալով կատարելագործում ենք»:

Այս մասին այսօր Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի դիտարկմանը. «Հանրակրթության դպրոցների մի շարք ուսուցիչներ բողոքում են նախարարության սահմանած նոր չափորոշիչներից, մասնավորապես՝ էլեկտրոնային մատյաններից: Ուսուցիչները դիմում են ձեզ՝ վերանայելու էլեկտրոնային մատյանների վարման, թեմատիկ պլանների կցման նոր ձևաչափը»:

Ժաննա Անդրեասյանը նաև պարզաբանեց, թե ինչ գործիքի մասին է խոսքը:

«Ինչպես գիտեք, յուրաքանչյուր առարկա դասավանդելու համար պետք է ուսուցիչը պլանավորի իր աշխատանքը, այսինքն՝ բաշխի, թե կիսամյակի ընթացքում ինչ է անելու, որ օրը որ դասին ինչ կոնկրետ թեմա է բացատրելու և ինչ է ակնկալում, որ երեխաները պիտի սովորեն, խոսքը այդ թեմատիկ պլանի մասին է, որը նրանց աշխատանքի անբաժանելի մասն է: Հիմա ինչ է փոխվել. այն, որ էլեկտրոնային մատյանում ընձեռել ենք հնարավորություն, որ մարդը ոչ թե առանձին փաստաթուղթ կազմի և կցի էլեկտրոնային մատյանում, ինչպես նախկինում էր, այլ հենց այդտեղ լրացնի այդ տվյալները:

Դժգոհությունը առաջ է եկել այն բանից, որ մեր ուսուցիչները, ինչպես և սովորաբար, կրթական համակարգում աշխատակիցների մեծ մասը փոփոխությունների դժվար են գնում, և, բնականաբար, դա պահանջում է ժամանակ: Երեկ էլ եկել էին նախարարություն, մենք շատ հանգամանալից խոսել ենք, և հիմա երկու հնարավորությունը միաժամանակ կգործի, բայց կտանք ժամանակ, որպեսզի մենք ավելի դանդաղ տեմպով այդ փոփոխությունն անենք: Այն, որ դա պիտի արվի և դա իրենց աշխատանքի մասն է, այստեղ որևէ այլ հարց չի կարող լինել»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:

Արձագանքելով Արուս Մանավազյանը նկատեց, որ ծնողների մոտ կա դժգոհություն և ինֆորմացիա, որ մինչև դեկտեմբեր դասագրքերը չեն լինելու:

Ժաննա Անդրեասյանն էլ պատասխանեց. «Խնդրում եմ մեզ ինֆորմացիա փոխանցել բոլոր այն ուսուցիչների ու տնօրեննի մասին, ովքեր ասում են, որ դասագրքերը կլինեն դեկտեմբերին, ու մենք հետևողական կգնանք այդ մարդկանց հետևից և կհարցնենք, թե որտեղի՞ց այդ ինֆորմացիան: Գրքերի մի մասը դպրոցներ են մտել սեպտեմբերի 1-ից հետո առաջին աշխատանքային օրը, 5-րդ և 7-րդ դասարանի գրքերի մեծ մասն արդեն դպրոցներում են, եկող շաբաթ դպրոցներում կլինեն 2-րդ դասարանի դասագրքերի մեծ մասը և մինչև ամսվա վերջ հարցը կլուծվի»:

Մանրամասները՝ տեսանյութում:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն