Լոռիում գտնվող ԱԻՆ-ի օդանավակայանը կհանվի մասնավորեցման ցանկից. նախագիծ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկում է «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից՝ փոփոխություն կատարելոով «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» օրենքում: «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն ընդգրկված է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի մասին» օրենքի ցանկում։ Մինչև 2013 թ.-ը ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
Հաշվի առնելով ընկերության ռազմավարական նշանակությունը (գտնվում է Վրաստանից 20 կմ հեռավորության վրա) և գործունեության կարևորությունը՝ Կոմիտեն գրություններով դիմել էր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը, Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների և Գյուղատնտեսության նախարարություններին՝ օդանավակայանի հետագա նպատակային օգտագործման և զարգացման վերաբերյալ առաջարկություններ տրամադրելու համար։ Պատասխան գրությամբ ԱԻՆ-ը ներկայացրել էր ընկերության զարգացման ծրագիր, որի իրականացման համար Կոմիտեին առաջարկվել էր բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել իրեն: Կառավարության 2013 թ.-ի օգոստոսի 29-ի թիվ 932-Ա որոշմամբ ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը հանձնվել էին ԱԻՆին, իսկ ընկերությունը հանվել էր մասնավորեցման ցանկից։
Սակայն նախարարության ներկայացրած զարգացման ծրագիրը չի իրականացվել և նրա առաջարկով օդանավակայանը այս անգամ ընդգրկվել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» օրենքի ցանկում: Այն Լոռու մարզում է։ Օդանավակայանը երկար տարիներ թռիչքներ չի իրականացնում և գործունեություն չի ծավալում։ Անշարժ գույքն իրենից ներկայացնում է 61,7 հա հողատարածք, իսկ շենքերի գերակշիռ մասն ամբողջությամբ քանդված է։ Հաշվի առնելով 2023 թ.-ին ՏԿԵՆ-ին ուղղված ՊՆ-ի գրությունը, ինչպես նաև Հայաստանում փոքր ավիացիայի և հայաստանյան օդանավակայանների զարգացման հեռանկարը, հանրային քննարկման է ներկայացվել նախագիծ՝ այս ընկերությունը մասնավորեցման ցանկից հանելու, դրանում պետական սեփականությունը պահպանելու նպատակով: Նշվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի ընդհանուր նշանակության ավիացիայի զարգացմանը և կխթանի ներքին ուղևորափոխադրմանը»:
Ավելին՝ թերթի այսօրվա համարում։