Բայդենը որոշել է փոփոխություններ կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կառուցվածքում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանի իր ելույթում ներկայացնել առաջարկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների կազմի ընդլայնման վերաբերյալ, ասել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
ԱՄՆ իշխանությունների տեսանկյունից՝ խորհուրդը պետք է դառնա «ավելի ընդգրկուն և համապարփակ», հավելել է խոսնակը։
Բրիտանական The Telegraph-ն էլ գրում է, որ Միացյալ Նահանգներն առաջարկել է մեծացնել Անվտանգության խորհրդի մշտական անդամների թիվը և գոյություն ունեցող հինգ երկրին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային և Չինաստանին ավելացնել ևս վեց պետություն, այդ թվում՝ Աֆրիկայից և Լատինական Ամերիկայից: Ընդ որում՝ նոր պետությունները վետոյի իրավունք չեն ունենա, ինչպես գործող հինգ երկիրը։
ՄԱԿ-ի ԱԽ-ի բարեփոխման օգտին բազմիցս հանդես են եկել Ֆրանսիան, Գերմանիան, Բրազիլիան, Ռուսաստանն ու Թուրքիան: