Այսօր մենք լիարժեք բանակցող կողմ չենք, այսօր մենք մի կողմ ենք, որն ամբողջ հույսը դրել է Ռուսաստանի վրա․ Ռոբերտ Քոչարյան
Երկրների միջև սահմանը համարվում է ճանաչված դեմարկացիայից հետո, որը չի կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին նախօրեին՝ մայիսի 27-ին, Կոտայքի մարզի քաղաքացիների եւ «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:
«Այդ սահմանը կարող է շատ տեղերում ճշտման կարիք ունենալ, գործընթացը երկար է։ Մենք Վրաստանի հետ տարիներով դեմարկացիայով էինք զբաղվում։ Բավականին պրոբլեմային գործընթաց է․ ամեն մի մետր հողի համար բանակցություններ են գնում։ Սովորաբար մի հատվածը սահմանի շատ արագ է դեմարկացիայի ենթարկվում, բայց վիճելի ինչ-որ կտորներ են լինում, որոնց շուրջ երկար բանակացություններ են ընթանում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ այն վիճակը, որում մենք հայտնվել ենք այսօր, մեզ համար բարենպաստ չէ նման դեմարկացիայի համար։
«Մենք թուլացած վիճակում ենք, և նրանք հնարավորություն ունեն մեզ վրա ճնշում գործադրելու։ Եթե նույնիսկ գործընթաց ես սկում, այդ գործընթացը չպետք է ավարտես այնքան ժամանակ մինչև ոտքի չկանգնես և լիարժեք բանակցող կողմ չհանդիսանաս։ Այսօր մենք լիարժեք բանակցող կողմ չենք, այսօր մենք մի կողմ ենք, որն ամբողջ հույսը դրել է Ռուսաստանի վրա։ Եվ ով ինչ խոսում է միանգամից պասը գցում են դեպի Ռուսաստան։ Սա էլ մի ուրիշ վտանգավոր բան ունի՝ եթե հարցը չի լուծվում, վերջում ինքնագիտակցության մեջ ասում է ուրեմն Ռուսաստանը չի ուզում։ Սկսում է դավադրության տեսություն աշխատել, բայց մեղքը քո մեջ է։ Ուրիշի գրպանը գցելն այս իշխանության վարպետությունն է»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։