ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել ԼՂ-ում սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից մեկնարկած ռազմական գործողությունների և այդ համատեքստում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին:

«Լեռնային Ղարաբաղում երեկվանից կատաղի մարտերը չեն դադարում։ Ադրբեջանը իրեն հատուկ ցեղասպան և էթնիկ զտման քաղաքանությամբ փորձում է հայաթափել Լեռնային Ղարաբաղը, իսկ մյուս կողմից այս ամենի ֆոնին տեղի է ունենում նախապես պլանավորված, երրորդ երկրների հետ համաձայնեցված հինգերորդ շարասյան հարձակումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վրա։ Գլխավոր ծրագիրը Հայաստանին ներքաշելն է պատերազմական գործողությունների մեջ, ինչի միջոցով այս գործակալ արկածախնդիրները դրսի հովանավորությամբ հեղաշրջում են երազում։

Երեկ ԱՄՆ-ի, մի շարք ԵՄ անդամ երկրների առաջնորդների ու ԱԳՆ-ների, ՄԱԿ-ի ԱԽ քարտուղարի և այլ միջազգային կառույցների կողմից հնչեցին ու կհնչեն հասցեական դատապարտող ու ռազմական գործողությունները դադարացնելու վերաբերյալ կոչեր, որոնք միանշանակ մեծ ճնշում են Ալիևի ռեժիմի վրա։ Եվ սա հայկական դիվանագիտության համառ ու արդյունավետ աշխատանքի արդյունք է։

Իսկ այդ ընթացքում ռոբասերժական խմբակը երեկ փորձեց կրկնել նոյեմբերի 9-ի սցենարը, բայց ինչպես տեսանք՝ քոքն արդեն վաղուց մաշված է, իսկ հայ ժողովուրդն էլ վաղուց արդեն հստակ հասկանում է իրերի իրական դրությունը։

Եվ ուրեմն խնդիրը ոչ թե Հայաստանի իշխանության զավթումն է, այլ ինքնիշխանության։

Եվ կրկին պատմական այս հանգրվանում, անկախ քաղաքական տարաձայնություններից, պետք է համախմբվել պետականության շուրջ, բնում խեղդել ցանկացած հակապետական գործողություն, լինել սթափ, սառնասիրտ և ողջախոհ»,- գրել է նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն