«Լուրերի» նկարահանող խումբը Կոռնիձորում է, որտեղ կենտրոն է բացվել՝ ԼՂ-ից Հայաստան հնարավոր տեղափոխման դեպքում քաղաքացիներին ընդունելու համար:

«Լուրերի» թղթակցի հետ զրույցում Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը, անդրադառնալով մարզպետարանի աշխատանքներին՝ կապված ԼՂ-ից քաղաքացիների հնարավոր հոսքի հետ, ասաց. «Մեր հայրենակիցների հնարավոր տեղահանման դեպքում մարզպետի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ: Մեծ աշխատանքային խումբ է, որտեղ ընդգրկված են նաև կամավորներ: Հիմնականում Գորիսի պետական համալսարանի ուսանողներն են այդ կամավորները, կան նաև այլ կամավորներ: Նախապատրաստվում ենք հնարավոր տեղահանման դեպքում ընդունել մեր հայրենակիցներին:

Մենք հիմա առաջին ընդունման կանգառում ենք, որտեղ նախատեսում ենք ընդունել մեր հայրենակիցներին և այնուհետև բաշխել ժամանակավոր տեղակայման վայրեր: Տեղում կհասկանանք մեր հետագա գործողությունները: Ընդհանուր առմամբ կուզեմ նաև նշել, որ մենք, այո, պատրաստ ենք մեր հայրենակիցներին հնարավոր տեղահանման դեպքում ընդունել. հոգալ նրանց կարիքները՝ կեցության, սննդի: Այդ մասով նույնպես գույքագրում են, և գույքագրվել են մեծամասամբ այն ազատ տեղերը, որտեղ կարելի է գիշերակաց ապահովել մեր հայրենակիցների համար, և ժամանակավոր տեղակայման վայրեր, որտեղ նույնպես կարելի է ապահովել գիշերակաց: Ամբողջ մարզի մասշտաբով են դրանք լինելու»:

Ինչ վերաբերում է բեռներին, որոնք տեղափոխվում են ԼՂ, ապա Կարեն Բալյանը նշեց. «Հումանիտար օգնություն տեղափոխելու առումով կարող եմ միայն փաստել, որ այն հումանիտար բեռը, որ հուլիսի 26-ից այստեղ սպասում է, որ հասներ ԼՂ, այդ բեռը դեռ կանգնած է, և ոչինչ այդ մասով չի փոխվել, իսկ Կարմիր խաչի և այլ բեռնատարների մասով հստակ տեղեկություն չունեմ և չեմ կարող մեկնաբանել»:

Անդրադառնալով ԼՂ-ից հոսքի հետ կապված զարգացումներին՝ նա ասաց հետևյալը. «Քանի որ այնտեղից ինֆորմացիան այդքան էլ լավ չենք ստանում, չենք կարող այս պահին ասել՝ հնարավոր ինչ զարգացումներ կլինեն, բայց հնարավոր տեղահանման դեպքում մենք պատրաստվում ենք ընդունել մեր հայրենակիցներին: Այժմ հստակ տեղեկատվություն չկա, որ իմանանք՝ այնտեղից տեղահանում է տեղի ունենում, առայժմ այդպիսի տեղեկատվություն չունենք»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն