Բաքուն ձերբակալել է սեպտեմբերի 19-ի «դիվերսիայի» կասկածյալների․ Արցախում տեղյակ չեն, թե ում են ձերբակալել ադրբեջանցիները․ «Ազատություն»
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնում է, որ «հակաահաբեկչական գործողությունների ընթացքում» սեպտեմբերի 20-ին զինաթափվել և բերման են ենթարկվել 6 ադրբեջանցիների մահվան փաստով կասկածյալներ, գրում է Ազատությունը։
Սեպտեմբերի 19-ի առավոտյան Բաքուն Արցախի Պաշտպանության բանակին մեղադրեց դիվերսիոն գործողություններ իրականացնելու մեջ, որոնց հետևանքով երկու տարբեր պայթյուններից իբր 6 ադրբեջանցի է զոհվել, ապա հայտարարեց Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունների» մեկնարկի մասին։
Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությունում նշված է միայն «ապօրինի կազմակերպված զինված խմբավորումներին մասնակցող կասկածյալներ»՝ առանց անուն-ազգանունների։
Միաժամանակ, ադրբեջանական Պետանվտանգության ծառայությունը դիմել է «Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակչությանը»՝ վստահեցնելով, թե «զենքերը հանձնող հայկական ծագմամբ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության լիակատար երաշխիք» է տալիս:
Իսկ ձերբակալվել են, ըստ ծառայության, «անձինք, ովքեր ահաբեկչություն են իրականացրել ոստիկանության չորս աշխատակցի և երկու քաղաքացիական անձանց դեմ»:
Ազատությունը տեղեկացնում է նաեւ, որ Արցախում տեղյակ չեն, թե Ադրբեջանի անվտանգության ծառայությունը ում է ձերբակալել՝ սեպտեմբերի 19-ին «դիվերսիա» իրականացնելու կասկածանքով։
Արցախի ներքին գործերի նախարարության խոսնակ Հունան Թադևոսյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ տեղյակ չեն, թե ում են ձերբակալել ադրբեջանցիները, իրենք էլ են ադրբեջանական լրատվականներից այդ մասին տեղեկացել։
Բաքուն առայժմ անունները չի հրապարակել, լուսանկարներ՝ նույնպես։
Թադևոսյանի խոսքով՝ կան բազմաթիվ անհետ կորածներ, հետևաբար դժվար է ասել, արդյոք ձերբակալվածները նրանց թվում են, թե ոչ։
Հունան Թադևոսյանի փոխանցմամբ, Ներքին գործերի նախարարությանը կից բացվել է օպերատիվ շտաբ, որտեղ համակարգվում են որոնողափրկարարական աշխատանքները։
«Այս պահին բոլորը շրջաններից տարահանվում են», - ասաց Թադևոսյանը։