Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին օդային ճանապարհով տեղափոխում են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Արդեն 4-րդ թռիչքն է իրականացվել ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղղեկցությամբ։

Ուղղաթիռով Հայաստանից Ստեփանակերտ տեղափոխված բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, այս պահին գտնվում է բուժհաստատություններում և տեղի բժիշկների հետ ցուցաբերում է անհրաժեշտ բուժօգնություն բոլոր տուժածներին։

Զրուցակցիս հարազատներից մի քանիսը բենզինի հերթում կանգնածներից են եղել։ Մի քանիսից լուր չունեն, մեկի մահվան մասին գիտեն միայն։ Պատմում է՝ Ստեփանակերտում քաոս է։ Բոլորն իրենց հարազատներին փնտրելով են զբաղված։ Բուժհաստատությունների ոչ մի բաժանմունքում ազատ տեղ չկա․

«Ամբողջ գիշեր մարդիկ ասյտեղ վազվզում են։ Ես հիվանդանոցի մոտ եմ ապրում։ Երեկ ոտքով հացը տանում էի մարդկանց ամբողջ փողոցը լիքն էր։ Նոր էր դեպքը կատարվել։ Ճանապարհներին լիքն էին։ Բոլորն իրենց հարազատներին էին ուզում գտնել։ Մեկը մորաքրոջս տղան է»։

Ականատեսներից Խաչատուր Հայրիյանը լրատվամիջոցներից մեկին պատմել է, որ ֆուտբոլի դաշտի նման մեծ տարածքում է եղել դեպքը։ Բենզինի պահեստն ունեցել է երկու անցք՝ մեկը օդափոխության, մյուսը՝ հորի։ Իր հերթը հասնելու ժամանակ օդափոխության անցքը օդը ներս է քաշել ու միանգամից պայթել՝ մարդկանց շպրտելով տարբեր ուղղություններով։ Ըստ ականատեսի՝ դրանից հետո բռնկում է տեղի ունեցել։

«Մեջտեղում կրակ էր և մտածեցինք, որ եթե բոլոր հորերից կրակ դուրս գա, մնալու ենք այստեղ։ Թե ոնց անցանք փշալարերի արանքով, ես էլ չեմ հասկանում։ Արդեն կրակ կար, բայց պայթյուններ չկային»։

Արցախի Հանրապետական հիվանդանոցի ուրոլոգ-վիրաբույժ Մարատ Հարությունյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում Արցախում ստեղծված իրավիճակը աղետալի որակեց։ Ավելի ահասարսուռ տեսարան է, քան 44-օրյա պատերազմի օրերին էր, ասում է բժիշկը։ Մարդկանց հոսքը հիվանդանոց չի դադարում։

«Մեծ մասի վիճակը ծայրահեղ ծանր է։ Տղամարդիկ են հիմնականւմ, բայց 5-8 հոգի կին էլ կա։ Երեխաներ դեպքի վայրում եղել են, բայց, ցավոք, մեր մոտ չեն հասել։ մեր համար շատ անսպասելի էր ու շատ բժիշկներ գաղթի ճամփին էին, չկարողացան հետ վերադառնալ։ Եղած հնարավորություններով ու ներուժով փորձում ենք ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք բոլորին բուժօգնություն ցուցաբերենք ու տեղափոխենք Հայաստան»։

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը սոցցանցերում գրեց, որ Արցախում բենզինի պահեստի պայթյունից տուժածները 290–ն են, որոնցից տասնյակները ծայրահեղ ծանր վիճակում են։ Շատերը անհետ կորել են, ականատեսների գնահատմամբ՝ ավելի քան 100 մարդ ամբողջությամբ այրվել է։ Իսկ Արցախի տեղեկատվական շտաբի տեղեկացմամբ՝ «Հանրապետական բժշկական կենտրոնը», «Արևիկ» ԲՄ-ը, Իվանյանի ու ռուս խաղաղապահների բուժկետերն ընդունել են մոտ 290 տուժածի` տարբեր աստիճանի այրվածքներով։ Տուժաշներից յոթի կյանքը հնարավոր չէր փրկել, նրանք մահացել են հիվանդանոցում։ Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ 13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։

Տուժածներին տարհանելու համար Երևանից բժշկական ուղղաթիռներ և շտապօգնության մեքենաներ են մեկնել Ստեփանակերտ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ պայթյունից տուժածներից 23-ը արդեն տեղափոխվել է «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն։ Նրանք հետազոտվում են  ու անհրաժեշտ բուժում ստանում։

Բուժառուները հիմնականում ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում են, ասել է նախարարը․ «Մեր նպատակն է բոլոր տուժածներին և վիրավորներին արագ տեղափոխել Հայաստան: Փոխադրումներն անընդհատ, հերթափոխով կիրականացվեն: Մինչև երեկո ամբողջ կարողություններով փորձելու ենք հնարավորինս արագ տեղափոխել մարդկանց»:

Հայ մասնագետներին օգնության են եկել իսպանացի բժիշկները։ Նրանց կմիանա նաև բրիտանացի բժիշկների խումբ, ասել է առողջապահության նախարարը։

Բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից ժամեր անց արդեն սոցիալական հարթակներում շրջանառվեց Ադրբեջանի կողմից ահաբեկչության վարկածը։

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը համոզված է, որ պայթյունն Ադրբեջանն է կազմակերպել։ Ըստ նրա՝ դա կանխամտածված ահաբեկչություն է, և հաշվի առնելով այն, որ խոսքն ադրբեջանական Socar-ից ուղարկված բենզինի մասին է, ապա պայթուցիկը հենց իրենք էլ գործարկել են։

Ահաբեկչության վարկածին զուգահեռ որպես պայթյունի պատճառ շրջանառվում է նաև անփութության վարկածը։ Մասնավորապես այս մասին, վկայակոչելով ականատեսների, հայտարարել էր Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն