360 մլն` ԼՂ-ից ՀՀ տեղափոխված քաղաքացիներին առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռք բերման համար
Կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ մարզպետների աշխատակազմերին՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված քաղաքացիներին առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքների հրատապ ձեռքբերման և գնումների ֆինանսավորումն ապահովելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ 2023 թ.սեպտեմբերի վերջին ԼՂ-ից Հայաստան են տեղափոխվել հազարավոր քաղաքացի, որոնց առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքներով ապահովելու նպատակով անհրաժեշտ է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 360 մլն դրամ հատկացնել ՀՀ մարզպետների աշխատակազմերին՝ անհրաժեշտ ծախսերն իրականացնելու համար, որից 150 մլն դրամ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերին՝ յուրաքանչյուրին 50 մլն դրամ, իսկ մնացած 7 մարզերին 210 մլն դրամ՝ յուրաքանչյուրին 30 մլն դրամ։
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված թոշակառուների կենսաթոշակի վճարման հետ կապված հարցից, ինչին ի պատասխան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է. «Մենք հիմա արդեն ԼՂ մեր գործընկերների հետ աշխատում ենք: Այնտեղ տարբեր տեխնիկական խնդիրներ կան, այդ թվում՝ բազաների տվյալների հետ կապված: Աշխատանքները սկսել ենք ոչ միայն կենսաթոշակների, այլև ծերության, երեխայի խնամքի, հաշմանդամություն ունեցող անձանց նպաստների վճարման հարցերը կարգավորելու ուղղությամբ»:
Վարչապետն այդ համատեքստում ընդգծել է ինստիտուցիոնալ մոտեցման կարևորությունը, որպեսզի թոշակների, նպաստների և այլ սոցիալական վճարների հետ կապված հարցերն արագ կարգավորվեն:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում անձանց նույնականացման ուղղությամբ արդեն մեծ ծավալի աշխատանք իրականացված կլինի. «Եթե այսօր այդ նույնականացման տվյալները վերաբերում են ընդհանուր բռնի տեղահանված անձանց երկու երրորդին, ապա կարծում եմ՝ մեկ շաբաթ հետո ամբողջ ծավալով տեղեկությունների կտիրապետենք: Դրանք կլինեն ուղղակի ֆինանսական աջակցության տարբեր գործիքներ: Կարող է չկոչվեն կենսաթոշակներ, բայց ապահովության կամ հատկացման չափը այնպես կլինի, որ կհամապատասխանի յուրաքանչյուր խմբի հասցեական կարիքներին»:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ 221.676.000 դրամ է հատկացվել՝ 2022 թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ժամանակավոր հյուրընկալող կացության կազմակերպման ծառայություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ծախսերը փոխհատուցելու նպատակով: