Ալիևը զգաց, որ կարող է ռազմական ճանապարհով լուծել խնդիրն ու չհանդիպել հակազդեցության․ Քերի Քավանո
«Ենթադրում եմ՝ Ալիևը հասկացավ, որ կարող է ռազմական գործողություններ սկսել և էական հակազդեցության չհանդիպել․ նա հարմար առիթի էր սպասում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար, ինչն էլ արեց»։ NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Կենտուկիի համալսարանի Փաթերսոնի դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Քերի Քավանոն՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին և դրա ճնշման տակ իրականացվող էթնիկ զտմանը՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանմանը։
Պաշտոնաթող դիվանագետի դիտարկմամբ՝ Ալիևի համար առաջին ազդանշանն այն էր, որ Լաչինի միջանցքը փակելուց հետո այն բացելու ուղղությամբ էական քայլեր չարվեցին։
«Ավելին, դրանից հետո՝ հունիսին, երբ շրջափակումն ավելի խստացվեց, նա կրկին տեսավ, որ ոչ մի քայլ չի ձեռնարկվում։ Եվ Ալիեւը, իհարկե, տեղյակ էր, որ Մոսկվան շատ զբաղված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով։ Կարծում եմ, նա գիտակցում էր, որ Ռուսաստանը չի պատրաստվում կասեցնել այն գործողությունները, որին ինքը դիմում է: Այնպես որ, Ալիևը հարմար առիթ էր փնտրում, որպեսզի ռազմական ճանապարհով լուծի հարցը, ինչն էլ արեց»,- նկատեց Քավանոն։
Նրա գնահատմամբ՝ ռուս խաղաղապահները բավարար սպառազինված չէին, որպեսզի կանխեին Ադրբեջանի հարձակումը։
«Ռուսաստանը առաջատար դեր է խաղացել հակամարտության կարգավորման գործում տարածաշրջանին մոտ լինելու բերումով, ինչպես նաև պատճառով, որ Հայաստանում ռուսական զորք է տեղակայված։ Ռուսաստանը հետագայում ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեց Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին պաշտպանելու հարցում, նաև 2020 թ. նոյեմբերին իր միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությամբ։ Ի վերջո, մենք տեսանք, որ ռուսական ռազմական ուժերը ոչ մի քայլ չձեռնարկեցին։ Ես ընդունում եմ, որ թվով 1960 խաղաղապահները, որոնք այնտեղ են, որպեսզի հիմնականում ապահովեն տեղաշարժը միջանցքներով և ընդհանուր առմամբ կանխեն շփման գծի երկայնքով ռազմական գործողությունները, չունեին անհրաժեշտ սպառազինություն, որպեսզի կարողանային հետ մղել այն, ինչ տեղի ունեցած նախորդ շաբաթ: Հետեւաբար, բարդ է ասել, թե ի՞նչ կարող էին նրանք անել այդ դեպքում։ Դա պարզ էր նաեւ միջազհային հանրության համար։ Այն ժամանակ, երբ ճանապարհը փակվեց, ակնկալիք կար, որ նրանք կբացեն այդ ճանապարհը, բայց դա տեղի չունեցավ»,- նշեց Մինսկի խմբի նախկին համանախագահը։
Քավանոյի կարծիքով՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում, միջնորդների ձախողումն է նաև, որոնք, նրա գնահատմամբ, բավարար ջանքեր չգործադրեցին և քայլեր չձեռնարկեցին։ Մյուս կողմից շեշտում է՝ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան չեն կարող կողմերին որևէ լուծում պարտադրել։
«Կողմերն իրենք չեն կարողացել գտնել լուծումը․ նրանք մի քանի անգամ մոտ էին դրան, սակայն չհատեցին այդ սահմանագիծը, չընդունեցին այդ իրողությունը կամ քաղաքական խիզախություն չունեցան, որպեսզի նախապատրաստեն ժողովուրդներին դրանց և, այդպիսով, անհրաժեշտ քայլեր չձեռնարկեցին դրան հասնելու համար»,- ընդգծեց Քավանոն։
Վերջին ամիսներին հատկապես Միացյալ Նահանգները, Եվրամիությունը՝ որպես հայ-ադրբեջանական բանակցություններում ներգրավված միջնորդներ, պնդում էին, որ Ադրբեջանը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները, սակայն Ադրբեջանը կրկին գնաց ռազմական ճանապարհով՝ բռնի տեղահանելով Արցախի ժողովրդին և ստիպելով հայերին լքել իրենց հայրենիքը։ Ի՞նչու արևմտյան միջնորդները, օրինակ, պատժամիջոցներ չկիրառեցին Ադրբեջանի դեմ՝ կանխելու էթնիկ զտումը Լեռնային Ղարաբաղում և հայության բռնի տեղահանումը։ Ի պատասխան այս հարցի՝ Քավանոն հույս հայտնեց, որ հիմա Միացյալ Նահանգներն ու ԵՄ-ն հիմա կդիտարկեն այդ տարբերակը։
«Հուսամ՝ հիմա այդ հարցը դիտարկվում է, եւ կկարողանան պատժամիջոցներ կիրառել, որպեսզի պարտադրեն դա Ադրբեջանին: Երբ բանակցություններ էին ընթանում, երկխոսությունը դրական ընթացք ուներ, իսկ տեղի ունեցող հանդիպումները կարծես հաջողության որոշակի հույսեր էին ներշնչում, չեմ կարծում, թե այդ պայմաններում եվրոպական երկրները պատժամիջոցներ կկիրառեին Ադրբեջանի նկատմամբ»,- նկատեց Քավանոն։
Նրա խոսքով՝ ցավալի է, որ նման հանգրվանի հասանք, քանի որ, կարծում է, նախկինում բազմիցս եղել են հնարավորություններ՝ ունենալու իրավիճակ այլ ելքով:
«Երեք տասնամյակ տևած խաղաղ բանակցությունների ընթացքում կային պահեր, երբ թվում էր, թե կարելի էր հասնել ինչ-որ բանի, որը դիվանագիտական երկխոսության ճանապարհով կարող էր նորմալ խաղաղության հանգեցնել: Իսկ այսօր տեսնում ենք այն, ինչին ականտեսն ենք եղել 2020 թվականին, երբ Ադրբեջանը հրաժարվեց դիվանագիտական երկխոսությունից և ուժ գործադրեց իր նպատակներին հասնելու համար՝ դրանից բխող հետևանքներով: Արդյունքում, այժմ ականատես ենք այն մարդկանց չվերջացող հոսքին, որոնք փախչում են Լեռնային Ղարաբաղից, քանի որ վախենում են իրենց անվտանգության համար և վստահ չեն, որ այնտեղ ապրելն այլևս հնարավոր է»,- նշեց պաշտոնաթող դիվանագետը։
Նրա խոսքով եթե անգամ Ադրբեջանը գոհ է այս արդյունքից, միևնույնն է՝ սրանով հակամարտությունը չի լուծվում։