Նախարար Գնել Սանոսյանն այսօր հերթական խորհրդակցությունն է անցկացրել՝ այս անգամ Շիրակի մարզում։ Այդ մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

«Նախարարը շնորհակալություն է հայտնել մարզպետին, համայնքապետներին, նրանց աշխատակազմերին՝ առաջին օրերին բռնի տեղահանված քաղաքացիների տեղավորման աշխատանքները պատշաճ կատարելու համար` հավելելով, որ այդ փուլը կարելի է համարել ավարտված, և ժամանակն է անցնել հաջորդ փուլին: «Հիմա սկսում ենք հավաքագրել այն բոլոր տվյալները, թե որտեղ են տեղակայվել մեր հայրենակիցները, ինչ կարիքներ ունեն, արդյոք բոլորն ապահովված են սննդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով, արդյոք երեխաներն արդեն դպրոց հաճախում են, թե ոչ։ Հենց կարիքները գնահատվեցին, դրանց լուծում տալն ավելի հեշտ կլինի»,- ընդգծել է նախարարը։

Նախարարը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց։

Նախարարը հանձնարարել է նաև համայնքներում, բնակավայրերում բռնի տեղահանված քաղաքացիներին ամենօրյա այցերի ժամանակ իրազեկել Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի, միանվագ 100-հազարական դրամների, 40+10 հազար դրամների, ինչպես նաև դրանք ստանալու ընթացակարգերի մասին։

Նախարարը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում իրականացվող աշխատանքներում ներգրավել կամավորների։

Խորհրդակցության ընթացքում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը զեկուցել է մարզում ամենօրյա ռեժիմով իրականացվող աշխատանքների մասին։

Շիրակի մարզում այս պահին ապաստանել է մոտ 3600 բռնի տեղահանված քաղաքացի»,- նշված է հաղորդագրությունում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն