Ախտաբանաանատոմիական հերձումների և հետազոտությունների անցկացման պայմաններին առնչվող հոդվածում փոփոխություններ կկատարվեն. նախագիծ
Ներկայում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.1-րդ հոդվածով սահմանվում է ախտաբանաանատոմիական հերձումների և հետազոտությունների անցկացման պայմանների խախտումների համար պատասխանատվություն և հղում կատարվում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին: Սակայն նշված օրենքը 2020 թվականի մայիսի 30-ին շարադրվել է նոր խմբագրմամբ, և տվյալ պահին գործող խմբագրմամբ համապատասխան հովածը սահմանում է ամբողջությամբ այլ, չվերաբերող կարգավորում: Տեսչական մարմինը վերահսկողության արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու հնարավորություն փաստացի չի ունենում: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը` երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 18-ի նիստում:
Առաջարկվող փոփոխություններով կշտկվեն գործող հոդվածում առկա անհամապատասխանությունները` նշված ոլորտում տեսչական վերահսկողության արդյունավետությունն ապահովելու նպատակով:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: