Երևանի 40-ամյա բնակիչը ձերբակալվել է դատարանի մոտ 54-ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ 1 նստավայրի մոտ 54-ամյա տղամարդու նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի բոլոր հանգամանքները: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:
«2023թ. հոկտեմբերի 18-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 15:40-ին, «Աջ կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել վերոնշյալ տղամարդը:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ և 1 գնդակ: Պարզվել է նաև, որ կրակոցների արդյունքում վնասվել է հիշյալ դատարանի ավտոկայանատեղիում կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան:
Առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, ինչպես նաև՝ վիրահատական միջամտության արդյունքում վերջինիս աջ արմնկահոդից դուրս բերված գնդակը։
Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաապրանքագիտական փորձաքննություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ոստիկանությանը:
Տուժողի հետ անհրաժեշտ քննչական գործողությունները հնարավոր չի եղել իրականացնել՝ առողջական վիճակի պատճառով:
2023 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 01:30-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել Երևան քաղաքի 40-ամյա բնակիչը՝ միաժամանակ ներկայացնելով հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը` փամփուշտներով:
Վերջինս ներկայացվել է քննչական բաժին։ Ստացված նախնական, դեռևս ստուգման ենթակա տվյալներով հանցագործության պատճառ է հանդիսացել միջանձնային խնդիրները։
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով վերջինս ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: