Երևանում մեքենաներ են բախվել, որոնցից մեկը վնասել է գազատար խողովակի հենասյունը. վարորդներից մեկի վիճակը կայուն ծանր է
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 21։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 101/3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել է երկու Hyundai մակնիշի ավտոմեքենա (վարորդներ՝ Տ․ Ս․, ծնված 1989 թ․ և Ն․ Թ․, ծնված 1998 թ․)․ ավտոմեքենաներից մեկը բախվել է գազատար խողովակի հենասյանը և վնասել այն։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից։ Ն. Թ․-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։
Փրկարարները Տ․ Ս․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները և կատարել ճանապարահատվածի լվացման աշխատանքներ։
Տ․ Ս․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։